Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Հունաստանին է ներկայացրել երկկողմ հարաբերությունների բարելավման վերաբերյալ վեց կետից բաղկացած առաջարկ, որը հրապարակել է Հունաստանի կառավարությունը:
Անկարան, մասնավորապես, առաջարկել է հինգ տարվա ընթացքում ապառազմականացնել Արևելյան Էգեյան ծովի և Դոդեկանես արշիպելագի կղզիները, համատեղ ուսումնասիրություն սկսել Էգեյան ծովում ածխաջրածինների հայտնաբերման և զարգացման համար: Առաջարկվում է նաև շարունակել Հունաստանի և Թուրքիայի միջև հետախուզական մակարդակի շփումները, վերսկսել վստահության ամրապնդման միջոցառումները, շարունակել ՆԱՏՕ-ի շրջանակներում ռազմական հարցերի շուրջ բանակցությունները: Բացի դրանից՝ Հունաստանը պետք է նաև ճանաչի Թրակիայում և Դոդեկանեսում մուսուլմանական փոքրամասնության իրավունքները:
«Այո, մենք ունենք տարաձայնություններ, ժամանակ առ ժամանակ ունենում ենք չլուծված հարցեր, և, ցավոք, սրացումներ ենք ունեցել։ Բայց ես կարծում եմ, որ պետք է թուլացնել լարվածությունը: Մենք չպետք է սպասենք ևս մեկ աղետի, որպեսզի միասին աշխատենք հարաբերությունների կարգավորման, որոշ խնդիրների լուծման ուղղությամբ։ Պետք է ամրապնդենք դրական օրակարգը»,- հայտարարել է Չավուշօղլուն՝ ելույթ ունենալով հույն լրագրողների առաջ։