Կառավարության այսօրվա նիստում անդրադարձ է կատարվել անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին և նպաստառուներին հետվճար տրամադրելու միջոցառմանը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հայտնել է, որ համակարգի ներդրումից մինչև հունվար ամիսը ներառյալ 12 միլիարդ 347 միլիոն 447 հազար անկանխիկ շրջանառության ծավալ է արձանագրվել: «Դրանից հետվճար տրամադրել ենք 1 միլիարդ 29 միլիոն դրամ: Բնականաբար, յուրաքանչյուր ամիս ունի իր տոկոսները, ծավալները: Հունվարին՝ դեկտեմբերի և նոյեմբերի համեմատ ցածր աճ կա: Դա պայմանավորված է դեկտեմբեր ամսվա ամանորյա ծախսերի հետ՝ կապված գնողունակության մեծացմամբ: Մենք ակնկալում ենք, որ փետրվարին թիվը կմեծանա՝ նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ ավելի քան 1000 գյուղերում ներդրվել է անկանխիկ ձևաչափով նպաստների և թոշակների տրամադրման գործընթաց»,- ասել է նախարարը:
Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ դա նշանակում է՝ այդ մարդկանց համար սեպտեմբերից թոշակը ոչ թե 3000, այլ փաստացի 6000 դրամով է ավելացել: «Կարծում եմ՝ սա կարևոր ցուցանիշ է նաև նրանով, որ այս առևտուրը, գործարքներն ամբողջությամբ իրականացվում են թափանցիկ: Սա նաև կարելի է համարել կառավարության և թոշակառուների համագործակցություն՝ ստվերի դեմ պայքարում»,- ասել է վարչապետը: