Երևանի շտապօգնության ավտոպարկը ամբողջությամբ թարմացվել է, 50 հին մեքենաները փոխարինվել են նորերով: Շարժակազմից 38-ը Ճապոնիայի կառավարության նվերն են Հայաստանին: Մյուս 12 մեքենան Հայաստանի կառավարությունն է ձեռք բերել: Շտապօգնության բժիշկ Հակոբ Խաչատրյանի խոսքով՝ նոր մեքենաները ոչ միայն արտաքինից են թարմ, այլև առաջին բուժօգնության համար ավելի հագեցած ու հարմարավետ են:
Հակոբ Խաչատրյան (Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնության» բժիշկ) - Ամենակարևոր սարքերից մեկը, որ ավելի հարմար է դարձել, այն ժամանակվա մեր սարքը բավականին չափերով մեծ էր, մեր ԷԿԳ նոր սարքն է, որը ավելի պորտատիվնի, փոքր չափերի, շատ ավելի արագ ու մատչելի է ստացվում: Փոխվել են մեր նոր պայուսակները, որոնք ավելի հարմար են, ավելի օպտիմալ են ժամանակը օգտագործում:
Վերջին անգամ ավտոպարկը համալրվել էր նոր մեքենաներով 2018 թ., ավելի վաղ՝ 2011-ին: Շտապօգնության տնօրեն Թագուհի Ստեփանյանը նշում է, որ վերջին 3 տարում ծառայության գերբեռնվածության պատճառով մեքենաների մաշվածությունը նկատելի էր:
Թագուհի Ստեփանյան (Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնության» տնօրեն) - Դե, բնականաբար, 3 տարվա մեջ և՛ պատերազմը, և՛ քովիդի էպիդեմիան նպաստել են, որ մեր մեքենաները ավելի մեծ վազքեր են արել, և համապատասխան մաշվածությունը ավելին է եղել:
50-ից 47-ը նախատեսված են գծային, 2-ը՝ ֆելդշերական և 1-ը՝ հոգեբուժական բրիգադի համար: Իսկ ինչպես են շահագործվելու 2018-ին ձեռք բերված մեքենաները:
Յակով Ասատրյան (Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պաշտոնակատար) - Դրա դիմաց մեր 50 ավտոմեքենաները վերադարձվում են առողջապահության նախարարությանը, որոնք բաշխվելու են մարզային շտապօգնության կայաններին:
Արդյոք ավտոպարկը թարմացվելուց բացի համալրման կարիք և՞ս ունի, քանի որ քաղաքացիները դժգոհում են, որ շտապօգնությունը երբեմն ուշանում է: Թագուհի Ստեփանյանը հստակեցնում է՝ գոյություն ունի բնակիչների թիվ:մեքենաների քանակ հարաբերակցության չափորոշիչը: «20 հազար բնակչին՝ 1 մեքենա» սկզբունքն է գործում, սակայն պայմանական ուշացումների խնդիրն այլ հարթությունում է.
Թագուհի Ստեփանյան - Մեր բնակչությունը պետք է հասկանա, թե որ դեպքում պետք է օգտվի շտապօգնության ծառայությունից, մենք այսօր իրականացնում ենք ոչ միայն շտապօգնության անհետաձգելի կանչերի սպասարկումը, մենք իրականացնում ենք նաև ընտանեկան բժշկի աշխատանքը, և սա` այն դեպքում, երբ մինչև 20 տոկոսն է հոսպիտալիզացիա, այսինքն` հիվանդանոց տեղափոխված հիվանդների քանակը:
Ի դեպ, միայն մայրաքաղաքում միջինը օրական 750 կանչ է գրանցվում, տոնական օրերին այն գերազանցում էր հազարը: Նախորդ տարի մոտ 270 հազար զանգ է եղել: