Երևանի 2500 հեկտար կանաչ տարածքի գրեթե կեսը ոչնչացման եզրին է։ Ինչպե՞ս, ի՞նչ եղանակով լուծել խնդիրը՝ քննարկել, փորձել են հասկանալ գիտնականները, փորձագետները, միջազգային ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: Աշխատաժողովի գլխավոր թեման դեֆորմացված ծառերն արժեքավոր և գեղազարդ տնկիներով փոխարինելու հարցն էր:
Տիգրան Ավինյան (Երևանի քաղաքապետի տեղակալ) - Մենք սկսելու ենք տեսնել, այո, քաղաքում ծառերի փոխարինում, նոր, թարմ, իհարկե, թարմ ասելով, բայց արդեն իսկ կայացած 10-ամյա ծառերով: Այս քննարկումների արդյունքը եկել է փորձագիտական, գիտական հանրույթից, և դա մեզ համար դարձրել ենք որպես առաջնային խնդիրներից մեկը: Բայց այս խնդրից զատ՝ մենք շարունակում ենք կանաչ նոր տարածքներ ստեղծել, անտառտնկման նոր աշխատանքներ իրականացնել, պլանավորում ենք ստեղծել խոշոր այգիներ:
Դրանցից մեկը, օրինակ, «Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարակից տարածքում կլինի: Մասնագետներն այժմ ոռոգման խնդիրն են լուծում, նախապատրաստվում տունկին: Բացի դրանից՝ սրճարաններից, մսի պասաժներից կմաքրվեն նաև գործող այգիները: Երևանի կանաչ ֆոնդը վերականգնելու, երևանցիներին վերադարձնելու համար Տիգրան Ավինյանը խոստանում է գործի դնել բոլոր միջոցները, ինչպես դա արվեց, օրինակ, Արաբկիրում՝ Մերգելյանի այգու դեպքում:
Տիգրան Ավինյան - Մենք ունենք նմանատիպ գործընթաց օղակաձև այգում: Եվ ինչու է կոնկրետ այս այգիներում ավելի՝ մի փոքր դժվար եղել գործընթացների իրականացումը. որովհետև սրանք որոշակիորեն նաև ֆինանսական բիզնես, գործարար հետաքրքրություն ներկայացնող վայրեր են եղել, որոնց վարձակալներն այս կամ այն կերպ ինչ-որ ձևով շահագործել են և ֆինանսական եկամուտներ են ստացել:
«Մինչև ոռոգման հարցը չլուծվի, ոչ մի շիվ հողը չի դրվի»,- խոստանում է Երևանի քաղաքապետարանին կից «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենը:
Արմեն Բեգոյանն ընդունում է, որ մայրաքաղաքում ծառերի պահպանման հետ կապված բազմաթիվ խնդիրներ կան, ասում է՝ քաղաքային պայմաններում դրանք տարբեր պատճառներով են դեֆորմանում ու չորանում. մի կողմից ոռոգման խնդիրը, մյուս կողմից՝ ծառերի տարիքը, բուժումն ու օդի աղտոտվածությունը:
Արմեն Բեգոյան (Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ տնօրեն) - Մենք ունենք կանաչ տարածքներ, որոնց կեսը զբաղեցված են ոչ ֆունկցիոնալ ծառատեսակներով: Օրինակ՝ թեղիները: Ինքներդ գիտեք, և մեր բնակչությունը գիտի, բողոքում է դրանցից թափվող շիրայի, դրանց տերևների ծակերի, նույնիսկ տերևներ նորմալ չեն կարողանում արձակեն ծառերը, որովհետև սպառել են իրենց:
Բեգոյանի խոսքով՝ Երևանի ծառերի գրեթե 30 տոկոսը թեղիներ են: Վատ վիճակում են նաև հացենիները, որոնք սխալ էտի հետևանքով տձևացել են, մյուս կողմից՝ սոսիները, որոնք էկոլոգիական տեսանկյունից կարևոր խնդիր են լուծում: Ոլորտի պատասխանատուն վստահեցնում է՝ այս ծառատեսակը կմնա այնպես, ինչպես կա: Կփոխվեն միայն թեղիների ու հացենիների սորտերը:
Արմեն Բեգոյան - Այն ծառատեսակները, որոնք Երևանում իրենց լավ են զգացել և կազմել են Երևանի կանաչ գոտու հիմնական մասը, մենք Երևանում շարունակելու ենք տնկել նման ծառատեսակներ, ուղղակի մեկ բացառությամբ՝ դրանց պարտիզային և գեղազարդ տեսակներ: Ինչ ասել է պարտիզային, այսինքն՝ դրանց արդեն շտամ տեսակներ, այսինքն՝ գնդաձև կլինի, բրգաձև կլինի:
Թեղիների ու հացենիների այս տեսակները թանկ են՝ յուրաքանչյուրը 50-80 հազար դրամ, ընդհանուր՝ 2500 հատ:
Բեգոյանի խոսքով՝ մրցույթներն արդեն կայացել են, նախատեսում են գարնանը տնկել: Քանակի վերաբերյալ հստակություն դեռ չկա:
Այդ որոշումը կայացնելուց առաջ քաղաքային իշխանությունը հաշվի է առել նաև գլոբալ կլիմայական տաքացման հանգամանքը: