Ամուլսարի հանքավայրը կշահագործվի: Փոխըմբռնման հուշագիրը ստորագրվեց Կառավարության, Եվրասիական Զարգացման բանկի և «Լիդիան Արմենիա» ընկերության միջև: Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման դիմաց Հայաստանի կառավարությունը կստանա «Լիդիան Արմենիա» ընկերության բաժնետոմսերի 12,5 տոկոսը։
Վահան Քերոբյան (ՀՀ էկոնոմիկայի նախարար) - Դրա դիմաց չի վճարելու որևէ բան, բայց փոխարենը կատարելու է գործարքի ապահովագրումը՝ որպես բաժնետեր:
Ընդհանուր առմամբ կներդրվի 250 մլն դոլար: Գումարը ծախսվելու է շինարարական աշխատանքները ավարտին հասցնելու և անհրաժեշտ տեխնիկական միջոցներ ձեռք բերելու համար։ Ընկերությունն ամեն տարի ազդակիր համայնքներին կհատկացնի 7 միլիոն դոլարի աջակցություն:
Վահան Քերոբյան - «Լիդիան Արմենիա»-ն հարյուրավոր աշխատատեղեր է ստեղծելու ազդակիր համայնքներում և էական տնտեսական աճ ու ակտիվություն է ապահովելու ոչ միայն մարզի, այլ նաև ընդհանուր Հայաստանի Հանրապետության համար։
Անդրադառնալով Ամուլսարի հանքի շահագործման դեպքում բնապահպանական խնդիրներին՝ նախարարը նշեց, որ Հայաստանի օրենսդրության համաձայն` կատարվել են բոլոր ուսումնասիրությունները:
Վահան Քերոբյան - «Լիդիան Արմենիա» ընկերությունը այս պահին արդեն ունի անհրաժեշտ բոլոր թույլտվությունները աշխատանքը սկսելու համար։ Այսինքն՝ որևէ օրենսդրական արգելք չկա, որպեսզի ընկերությունն իր գործունեությունը իրականացնի:
«Լիդիան Արմենիա» ընկերության տնօրենների խորհրդի անդամ Ջեֆֆրի Քոուչի խոսքով` Ամուլսարը նոր սերնդի հանք է՝ բնապահպանական ամենաբարձր չափանիշներով:
Ջեֆֆրի Քոուչ («Լիդիան Արմենիա» ընկերության տնօրենների խորհրդի անդամ) - Մենք այս ընթացքում աշխատանքներ ենք իրականացրել, որպեսզի հանքը շահագործվի առաջատար տեխնոլոգիաներով, ներդրել ենք միջազգային լավագույն փորձը: Սա Հայաստանի տնտեսության լավագույն ծրագրերից է լինելու, որն ապահովելու է 100-ավոր բարձր վարձատրվող աշխատատեղեր, խոշոր հարկեր: Այն նպաստելու է նաև նոր բիզնես նախագծերի և օժանդակ ծառայությունների ներդրմանը:
Գնահատված է, որ Ամուլսարի հանքի շահագործմամբ Հայաստանի ՀՆԱ-ն կավելանա 1 տոկոսով։ Դա բավականին բարձր ցուցանիշ է, և իրավունք չունենք հրաժարվելու այդպիսի հնարավորություններից՝ ընդգծեց Քերոբյանը։
Վահան Քերոբյան - Հանքարդյունաբերությունը գերակա ոլորտ չէ, և չենք փորձում ընդերքը շահագործել, մենք ունենք պղնձաձուլարանի պրոյեկտ:
Բացի Ամուլսարի շահագործման այլ տնտեսական էֆեկտներից՝ բյուջեի եկամուտները տարեկան կավելանան 30-40 մլրդ դրամով: Ամուլսարի հանքի շահագործման կարևորագույն շարժառիթներից մեկը նաև Հայաստանի անվտանգությունն ուժեղացնելն է, ընդգծեց էկոնոմիկայի նախարարը:
Հեղինակ` Վրույր Մկրտչյան