Ադրբեջանցի գործակալները բնապահպանական պատրվակն օգտագործում են հայ ժողովրդի էթնիկ զտման համար: Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ Եվրոպական խորհրդարանի փաստահավաք առաքելության անդամների դիտարկումն է:
Ֆրանսուա Ալֆոնսի (Եվրոպական խորհրդարանում Արցախի հետ բարեկամության խմբի համանախագահ, Ֆրանսիա) - Տեսնում ենք, որ Լաչինի միջանցքի բացման պահանջները գնալով ավելանում են: Եվ կարող ենք տեսնել, որ ադրբեջանական թեզերը վարկաբեկվում են: Մենք պետք է ցույց տանք, որ այս հումանիտար ճգնաժամից խուսափելու համար անհրաժեշտ է, որ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառվեն: Մենք այստեղ ենք, որպեսզի ցույց տանք մեր համերաշխությունը հայ ժողովրդին:
Ֆրանսուա Ալֆոնսին ընդգծեց՝ Եվրոպական Միությունը պետք է ամեն ինչ անի՝ ճանապարհը փակ պահելը Բաքվի ռեժիմի համար քաղաքականապես անհնար դարձնելու ուղղությամբ: Պատգամավորը հավելեց, թեև անհնար է մուտք գործել Ադրբեջանի գրաված տարածքներ՝ փաստելու, որ այդ երկիրն է արգելափակում դեպի Արցախ գազի մատակարարումը, բայց դա փաստ է, որը արցախցիներին իրենց ծննդավայրը լքելուն դրդելու նպատակ ունի:
Ֆրանսուա Ալֆոնսի - Իհարկե, այս ամենը պետք է փաստագրվի, որ լինի ճնշում, որ մատակարարումների դադարեցում չլինի: Ադրբեջանի ագրեսիվ պահվածքի հետևում ֆաշիստական ծրագրեր են, որոնց նպատակը հայկական հետքի վերացումն է։ Փորձելու ենք ճնշել նաև միջազգային կազմակերպություններին, հատկապես՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ին, որ կանխի Ադրբեջանի գրաված տարածքներում հայկական հուշարձանների վերացման փորձերը:
Փաստահավաք առաքելության շրջանակում պատգամավորներն այցելել են Հայաստանի սահմանամերձ բնակավայրեր, արձանագրել՝ քառասունչորսօրյա պատերազմից հետո ստեղծվել է նոր իրականություն ու իրավիճակ, ինչն անհանգստացնող է: Եվրոպական խորհրդարանի անդամները հույս ունեն՝ Հայաստանում տեղակայված ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունը կկայունացնի սահմանային իրավիճակը:
Գասպար Կարապետյան (ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ) - Իրենք մոտիկից տեղեկացան բոլոր հարցերին, որ գոյություն ունեն, տեսան՝ որտեղ են գտնվում ադրբեջանցիները սեպտեմբերի 12-ի ոտնձգությունից հետո, և այս ամենը իրենք պետք է ներկայացնեն Եվրոպական խորհրդարանում:
Եվրոպական երկրորդ փաստահավաք խմբի ներկայացուցիչները վստահեցնում են՝ իրավիճակին ծանոթանալու նպատակով Հայաստան այցերը շարունակական կլինեն:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան