Ռուսաստանը ողջունում է ցանկացած նախաձեռնություն, որը կարող է աջակցել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին, սակայն կարևոր է խուսափել դրանց կրկնօրինակումից և մրցակցությունից։ Այս մասին ТАСС-ի հետ հարցազրույցում նշել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։
«Մենք ողջունում ենք ցանկացած նախաձեռնություն, որը կարող է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին։ Բաքվի և Երևանի հաշտեցման հիմքում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների համալիրն է։ Նկատի ունեմ տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման, սահմանի սահմանազատման միջոցառումները, վստահության ամրապնդումը հասարակական գործիչների և փորձագետների շփումների միջոցով, խաղաղության պայմանագրի պատրաստումը: Գլխավորն այն է, որ խուսափենք միջնորդական ջանքերի կրկնօրինակումից և մրցակցությունից, հասնենք դրանց սիներգիայի»,- ասել է Գալուզինը՝ անդրադառնալով Երևանի և Բաքվի միջև միջնորդության Եգիպտոսի նախաձեռնությանը։
Ավելի վաղ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին հայտարարել էր, որ Եգիպտոսը պատրաստ է միջնորդ դառնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ հարաբերությունների կարգավորման համար: