ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 23-ին հյուրընկալել է Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար Ժան Ասելբորնի գլխավորած պատվիրակությանը:
Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև առկա ակտիվ քաղաքական երկխոսությանը:
«Ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհին մեծապես կարևորում ենք ԵՄ շրջանակներում համագործակցությունը Ձեր երկրի հետ: Ուրախ ենք Հայաստանում ոչ ռեզիդենտ նոր դեսպան նշանակելու կապակցությամբ: Հուսամ, որ ապագայում մենք կունենաք նաև ռեզիդենտ դեսպաններ մայրաքաղաքներում»,- նշել է Ալեն Սիմոնյանը:
Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանի անվտանգային իրավիճակին առնչվող հարցեր: ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատին 2020 թվականին Արցախի դեմ սանձազերծված պատերազմին առնչվող բանաձևեր ընդունելու, ինչպես նաև Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց հայրենադարձմանը վերաբերող բանաձևի համար:
Նա հիշեցրել է, որ մինչ օրս ադրբեջանական պատանդառության մեջ են առնվազն 33 հայ ռազմագերիներ: ԱԺ խոսնակը բարձր է գնահատել նաև արտգործնախարարի անձնական դերակատարումը միջազգային հարթակներում Հայաստանի համար կարևորություն ներկայացնող զգայուն խնդիրները պարբերաբար բարձրաձայնելու հարցում:
Հանդիպմանը կարևորվել է ՀՀ տարածքում ԵՄ երկարաժամկետ դիտորդական առաքելության տեղակայումը: