ԵՄ երկրների դեսպաններին չի հաջողվել համաձայնության գալ հակառուսական պատժամիջոցների տասներորդ փաթեթի շուրջ: Reuters-ը գրում է, որ դեռ մի շարք խնդրահարույց կետեր կան, մասնավորապես՝ Եվրոպայում ռուս օլիգարխների ակտիվների մասին հաշվետվություն ներկայացնելու պարտավորության հետ կապված:
Բանակցությունները կշարունակվեն այսօր: Նաև նշվում է, որ ԵՄ բոլոր երկրները միակարծիք են՝ 10-րդ փաթեթը պետք է ուժի մեջ մտնի մինչև փետրվարի 24-ը: Դա կարևոր ազդանշան կլինի Ռուսաստանին:
Ավելի վաղ՝ Politico-ն էլ գրել էր, որ Հունգարիան և Ֆրանսիան հակառուսական պատժամիջոցների քննարկման ընթացքում դեմ են արտահայտվել միջուկային ոլորտում Ռուսաստանի հետ գործակցության արգելքին։ Բելգիան էլ դեմ է ադամանդի արտահանման արգելքին:
Բրյուսելը նաև մտադիր է ընդլայնել ռուսաստանցի գործիչների սև ցուցակը: ԵՄ արտաքին քաղաքական ծառայության տվյալով՝ այդ ցանկում այժմ ներառված է 1386 ֆիզիկական անձ և 171 ընկերություն։