ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետ Կիշիդա Ֆումիոյին՝ Ճապոնիայի ազգային տոնի առթիվ:
Ուղերձում ասված է.
«Ձերդ գերազանցություն,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ճապոնիայի ազգային տոնի՝ Նորին Մեծություն Ճապոնիայի Կայսեր ծննդյան օրվա կապակցությամբ:
Անցյալ տարի նշեցինք մեր երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Հայաստանը մեծապես կարևորում է Ճապոնիայի հետ բարեկամական հարաբերությունների հետագա խորացումը՝ հիմնված ընդհանուր ժողովրդավարական արժեքների և փոխադարձ վստահության վրա:
Հարավային Կովկասում և աշխարհում առկա բազում մարտահրավերների և սպառնալիքների պայմաններում Հայաստանը պատրաստակամ է ընդլայնել Ճապոնիայի հետ գործընկերությունը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում: Այս կապակցությամբ վերահաստատում եմ Ձեզ ուղղված՝ Հայաստան այցելելու հրավերս՝ երկկողմ միջպետական հարաբերություններն ամրապնդելուն առնչվող հարցերը քննարկելու նպատակով:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Ճապոնիայի բարեկամ ժողովրդին՝ բարեկեցություն և ամենայն բարիք»: