Լաչինի միջանքում ադրբեջանցի այսպես կոչված «բնապահպանական ակտիվիստների» բողոքի ակցիան իրականում կազմակերպված հնարք է, որի նպատակը Լեռնային Ղարաբաղի հայաթափումն է, այլ կերպ ասած՝ էթնիկ զտումը։ Այս մասին նշել է Միացյալ Թագավորությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը Irish Times-ում հրապարակած հոդվածում:
Դեսպանը հիշեցրել է, որ Արցախի շրջափակումը խախտում է 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, որում ասվում է, որ Լաչինի միջանցքը պետք է մնա ռուս խաղաղապահների վերահսկողության տակ, իսկ Ադրբեջանը պետք է երաշխավորի քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգ տեղաշարժը։
Շատ երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան, ինչպես նաև Եվրախորհրդարանը կոչ են արել անհապաղ վերսկսել Լաչինի միջանցքի աշխատանքը։ Այլ երկրներ նույնպես բանաձևեր են ընդունել հումանիտար ճգնաժամի վերաբերյալ: Դեսպանի կածիքով՝ այդ ճնշումը պետք է պահպանվի:
«Աշխարհին պետք է պարզ լինի, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության երաշխավորման հետ կապված հարցերը կարող են լուծվել Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսության միջազգային մեխանիզմի ստեղծման միջոցով»,- գրել է Ներսեսյանը։