Արդարադատության թաղամաս կառուցելու հարցը գործադիրում երկար ժամանակ է քննարկվում է. հայտարարեց վարչապետը Կառավարության անդամների, իրավական և ուժային կառույցների, օրենսդիրի ու շահագրգիրռ կոմիտեների ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցության ընթացքում: Դատաիրավական համակարգում իրականացվող բարեփոխումներին անդրադառնալով՝ Նիկոլ Փաշինյանը ենթակառուցվածքների խնդիրն առանձնացրեց:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Մենք դատաիրավական համակարգում մեծ բարեփոխումներ ենք իրականացնում, բայց սովորաբար շատերի համար նկատելի չէ, որ այդ բովանդակային բարեփոխումների ընթացքում նաև ֆիզիկական ենթակառուցվածքների շատ մեծ խնդիր է առաջանում՝ շենքային պայմանների և այդպես շարունակ: Նաև դիտարկում ենք, որ դատական, քննչական համակարգի գործունեության սպասարկման համար որոշակի՝ բավական ծանրակշիռ ծախսեր կան, որոնք մեծ հաշվով աշխատանքի, լոգիստիկայի կազմակերպման՝ շատ հաճախ հնացած ձևերի արտահայտության պատճառ են:
Ըստ վարչապետի՝ հիմա քննարկում են՝ ինչպես գործընթացն ավելի արդյունավետ դարձնել, որպեսզի դատաիրավական համակարգի համար աշխատանքային պատշաճ պայմաններ ստեղծվեն, իսկ կալանավորված, դատապարտված անձանց իրավունքները պաշտպանվեն, հնարավորինս արժանապատիվ պայմաններ լինեն նաև կալանքի տակ գտնվող անձանց, դատավարության կողմերի համար: Արդարադատության նախարարն ու նրա տեղակալը վարչապետ Փաշինյանին զեկուցեցին արդարադատության թաղամասի կառուցման շուրջ կատարված ուսումնասիրության արդյունքները, քննարկվեցին ենթակառուցվածքների հնարավոր մոդելները, և թե թաղամասում որ գերատեսչությունները կարող են տեղակայվել: Այս համատեքստում վարչապետը շեշտեց՝ պետական կառավարման համակարգը Երևանի կենտրոնից պետք է դուրս բերել:
Նիկոլ Փաշինյան - Իհարկե, շենքը, որտեղ մենք գտնվում ենք, պատմամշակութային շատ կարևոր արժեք է, բայց մենք չենք հաշվում, թե, օրինակ, այս շենքի 6 մետր բարձրությամբ աշխատասենյակների տաքացման, հովացման, սպասարկման համար ինչքան միջոցներ են ծախսվում, որոնք կարող էին կամ չծախսվել, կամ ծախսվել ավելի արդյունավետ: Կարծում եմ, որ այստեղ էլ մենք մտածողության և մտածելակերպի փոփոխության կարիք ունենք, և այդ ռազմավարությունը պետք է որդեգրենք՝ Երևան քաղաքի Փոքր կենտրոնից և, ընդհանրապես, կենտրոնից պետական կառավարումն ամբողջությամբ դուրս հանելու և այս ֆիզիկական ենթակառուցվածքը պետական եկամուտների աճին ծառայեցնելու նպատակն իրագործելու առումով՝ իհարկե խստորեն պահպանելով և պաշտպանելով պատմամշակութային հուշարձանների կառավարման հետ կապված բոլոր կանոնները:
Սա աշխարհում ընդունված ու տարածված մոդել է, ընդգծել է վարչապետը, ընդ որում՝ երբեմն պատմամշակութային հուշարձանների պահպանումը մասնավորը շատ ավելի լավ է անում, քան պետական կառավարման մարմինը: Սրան զուգահեռ, պետական ներդրումները պետք է արվեն ոչ թե կենտրոնում, այլ մասնավորի համար ոչ գրավիչ վայրերում, դրանք դարձնելով ավելի հետաքրքիր: Ինչ-որ առումով սա տնտեսական աճի համար լավ խթան կարող է հանդիսանալ՝ նշեց վարչապետ Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյան - Եթե ավելի խոր նայենք հարցին, սա երկրի ստանդարտների մասին է իրականում՝ սկսած պետական կառավարման համակարգից, լոգիստիկայից, թե պետական կառավարման համակարգի՝ Փոքր կենտրոնում լինելն ինչ ազդեցություն է ունենում երթևեկության բարդությունների վրա: Համոզված եմ՝ բոլորդ այդ ամեն ինչի հետ ամենօրյա ռեժիմով բախվում եք, նաև քաղաքացիների հասանելիության հետ կապված են սահմանափակումներ առաջանում և այլն: Բայց այս գաղափարն իրագործելու ճանապարհին, իհարկե, արդարադատության թաղամասն առաջին հատվածն է: Եթե սրա մեկնարկը մենք հաջողությամբ տանք և սկսենք իրագործումը, մեծ հավանականությամբ գաղափարը կզարգանա և կծավալվի նաև այդ ուղղությամբ
Վարչապետն ընդգծեց՝ ռազմավարությունը քննարկում են և մոտ են հայեցակարգային մակարդակում այն որդեգրելուն: