ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի որդին՝ գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը, չի կալանավորվի, ԱԱԾ քննիչի միջնորդությունը դատարանը մերժեց: Բարձրաստիճան նախկին զինվորականին մեղադրանք է ներկայացվել:
Գորիկ Հովակիմյան (ՀՀ ԳԴ ԱԱԾ-ում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ) - Այն բանի համար, որ նա պաշտոնեական դիրքի օգտագործմամբ օրինականացրել է հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով գույք, այլ կերպ ասած` կատարել է փողերի լվացում:
5 տարի երրորդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Խաչատուրովի գործը վերաբերում է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին առնչվող քրեական գործի դրվագներից մեկին։ Դատախազը, սակայն, գործի վերաբերյալ մանրամասներ այս փուլում չի հայտնում:
Գորիկ Հովակիմյան - Որոշակի գաղտնիքներ են պարունակում քրեական գործի փաստական հանգամանքները:
Երբ փետրվարի սկզբին խորհրդարանը քննում էր Օհանյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հայտարարեց, որ Արարատի մարզի Արմաշ համայնքի զորամասի տարածքը 2009-ին վաճառվել է Գրիգորի Խաչատուրովին 4 միլիոն դրամով: «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Վահագն Ալեքսանյանն էլ հավելեց՝ ավելի ուշ այդ գույքը գրավադրել է 18 միլիոնով։
Լրագրողների հետ զրույցում Խաչատուրովի պաշտպան Հակոբ Ենոքյանը մեղադրանքը անհիմն որակեց, նշեց՝ Խաչատուրովը այդ գումարը ստացել է մեկ այլ գույքի գրավադրմամբ:
Հակոբ Ենոքյան (Գրիգորի Խաչատուրովի պաշտպան) - Եթե չեմ սխալվում, Վանաձոր քաղաքում Գրիգորի Խաչատուրովին պատկանող գույքը դրված է եղել գրավ, դրանով վարկային գիծ է տրամադրված եղել 18 միլիոն դրամի։ Հետո էս գույքը, որպես լրացուցիչ գրավի միջոց, պահանջվել է բանկի կողմից, եթե չեմ սխալվում, որպես լրացուցիչ միջոց է տրամադրվել։ Էնպես չի, որ էս գույքը տվել են, որ էդ գրավը լինի։
Ըստ պաշտպանի՝ այս գործով ապացուցման առարկան այն հարցն է, թե տվյալ գույքն արդյոք օտարելի՞ էր, թե՝ ոչ։
Հակոբ Ենոքյան - Միայն այն հանգամանքը, որ ենթադրաբար գործարք է կնքվել, որը օրենքի շրջանցմամբ է եղել, դեռևս բավարար չի, որ համարվի, որ փողերի լվացում է եղել։
Գլխավոր դատախազը նշել էր, որ Հողային օրենսգրքի մի քանի խախտումներով ձեռք բերված գույքը Գրիգորի Խաչատուրովը երկու անգամ՝ նախ 2009 թվականի մայիսին, այնուհետև՝ 2016 թվականի օգոստոսին, գրավադրել և ստացել է առանձնապես խոշոր չափի գումար և օրինականացրել դրա հանցավոր ծագումը: Ըստ իրավապահների՝ հողատարածքը գնել է Գրիգորի Խաչատուրովի մտերիմը՝ Էդգար Արշակյանը: Նրան ևս մեղադրանք է ներկայացվել, խափանման միջոց ընտրվել բացակայելու արգելքը:
Գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի մյուս որդին՝ Իգոր Խաչատուրովն էլ մեկ այլ գործով մեղադրվում է ընդդիմության ակցիաների ժամանակ` 2022-ի մայիսին, ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու համար:
Ամբաստանյալի աթոռին է եղել նաև Յուրի խաչատուրովը՝ «Մարտի 1-»-ի գործով՝ սահմանադրական կարգի տապալման մեղադրանքով: Քրեական հետապնդումը, սակայն դադարեցվեց, քանի որ, Սահմանադրական դատարանի որոշմամբ, մեղսագրվող հոդվածը համարվեց Սահմանադրությանը հակասող:
Հեղինակ` Տաթև Խաչատրյան