ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը, դեռևս 2022 թվականի դեկտեմբերին ԱՄՆ կատարած աշխատանքային այցի պայմանավորվածությունների շրջանակում, հյուրընկալել է ԱՄՆ դեսպանության Արտահանման վերահսկման և սահմանային անվտանգության ծրագրի (EXBS) տարածաշրջանային ղեկավարին ու ԱՄՆ մաքսային և սահմանային պաշտպանության գործակալության (CBPА) ներկայացուցիչներին։ Քննարկվել են մաքսային ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության զարգացման հեռանկարները։
Ռուստամ Բադասյանը ներկայացրել է մաքսային ոլորտում իրականացվող համապարփակ բարեփոխումների առանցքային ուղղությունները, այդ թվում՝ մաքսային մարմին-տնտեսվարող «էլեկտրոնային շփումների» ՊԵԿ տեսլականը։ Կոմիտեի ղեկավարն ընդգծել է «խելացի» ռիսկերի կառավարման համակարգի ստեղծման շուրջ EXBS ծրագրի շրջանակում սկսված համագործակցության կարևորությունը։
Կողմերը հանդիպմանն անդրադարձել են մաքսային ոլորտում ռիսկերի համակարգի արդիականացման, էլեկտրոնային ավտոմատացված համակարգերի ներդրման և զարգացման հարցերին, որի արդյունքում մաքսային ծառայողները հնարավորություն կունենան իրականացնելու առավել թիրախային մաքսային հսկողություն։
Միաժամանակ դիտարկվել է EXBS ծրագրի շրջանակում համակարգը մաքսային զննման և թմրամիջոցների հայտնաբերման սարքավորումներով համալրման անհրաժեշտությունը։
Սահմանի համալիր կառավարման գործընթացներին սահմանային հսկողություն իրականացնող մարմինների ակտիվ ներգրավման և ԱՄՆ առաջավոր փորձի ուսումնասիրման նպատակով ՊԵԿ ներկայացուցիչների ԱՄՆ նախատեսվող այցի շուրջ ձեռք է բերվել պայմանավորվածություն։
Հանդիպմանը կարևորվել է նաև EXBS ծրագրի շրջանակում փորձի փոխանակման նպատակով ՊԵԿ մաքսային ծառայողների համար Հայաստանում դասընթացների կազմակերպումը։
Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել հետագա քննարկումները և ակտիվացնել գործուն քայլերը մաքսային ոլորտում հայ-ամերիկյան փոխգործակցության ընդլայնման ուղղությամբ։