ԱՄՆ-ը չի ցանկանում ոչնչացնել Ռուսաստանը, Արևմուտքը մտադիր չէր հարձակվել այդ երկրի վրա՝ հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը Վարշավայում ունեցած ելույթի ժամանակ։ Նա նաև ընդգծել է՝ ռուսական կողմը ռուս-ուկրաինական պատերազմը չի ավարտի Ռուսաստանի հաղթանակով:
Ջո Բայդեն (ԱՄՆ նախագահ) - Նոր եմ եկել Կիևից և կարող եմ ասել, որ Ուկրաինան ամուր կանգնած է ու կարևորը՝ ազատ: Բռնությունը չի կարող կոտրել ազատ մարդկանց կամքը: Մենք կշարունակենք աջակցել Կիևին, ՆԱՏՕ-ն չի մասնատվի, մենք չենք հոգնի պայքարելուց:
ԱՄՆ նախագահը խոստացել է, որ կշարունակեն պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ՝ այդպիսով ճնշում գործադրելով այդ երկրի վրա, հիշեցրել՝ այս շաբաթ կհայտարարեն նոր սահմանափակումների մասին։ Բայդենը նաև նշել է, որ Ռուսաստանը ցանկանում էր օգտագործել էներգետիկան որպես զենք, սակայն Արևմուտքին հաջողվեց կրճատել կախվածությունը ռուսական էներգակիրներից:
Սպիտակ տան ղեկավարը նաև նշել է, որ Ուկրաինան շարունակում է պաշտպանվել ռուսական հարձակումից և միաժամանակ հակահարձակում է սկսել: Նա զգուշացրել է՝ դեռ շատ ծանր օրեր կլինեն:
Բայդենն իր ելույթում դիմել է ռուս ժողովրդին.
Ջո Բայդեն - ԱՄՆ-ը և Եվրոպայի երկրները չեն ձգտում վերահսկողություն հաստատել կամ ոչնչացնել Ռուսաստանը։ Միլիոնավոր ռուսաստանցիներ, որոնք ցանկանում են խաղաղ ապրել իրենց հարևանների կողքին, մեր թշնամիները չեն։ Այս պատերազմի անհրաժեշտությունը չկար: Սա ողբերգություն է: Եթե Ռուսաստանը դադարեցնի հարձակումը, պատերազմը կավարտվի:
ՈՉ ԲԱՐԵԿԱՄԸ ԹՇՆԱՄՈՒՑ ՎԱՏ Է. ԶԱԽԱՐՈՎԱ
Ռուսական կողմն արդեն արձագանքել է Ջո Բայդենի ելույթին: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով Բայդենի այն միտքը, որ Արևմուտքը ռուս ժողովրդի թշնամին չէ, տելեգրամյան իր ալիքում գրել է՝ «Ռուսերենում մի հիասքանչ արտահայտություն կա՝ «ոչ բարեկամն» ավելի վատ է, քան «թշնամին»»:
ՌԴ անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևն էլ հայտարարել է՝ եթե դադարեցնենք հատուկ ռազմական գործողությունը առանց հաղթանակ տանելու, Ռուսաստանն այլևս գոյություն չի ունենա, նրան կմասնատեն: «Պատերազմը կավարտվի, եթե ԱՄՆ-ը դադարեցնի զենք մատակարարել Կիևի ռեժիմին»,- նշել է քաղաքական գործիչը։
ԱՄՆ-Ը ՊԱՏՐԱՍՏ Է ՌԴ-Ի ՀԵՏ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ
Վարշավայում ունեցած ելույթում Սպիտակ տան ղեկավարը չի անդրադարձել Դաշնային խորհրդին ուղղված Վլադիմիր Պուտինի ուղերձին, այդ թվում՝ ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև 2010 թվականին ստորագրված «Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման և սահմանափակման միջոցների մասին» պայմանագրին մասնակցությունը կասեցնելու Մոսկվայի որոշմանը:
Այդ որոշմանն արձագանքել են ՄԱԿ-ը, ԵՄ-ն, պետքարտուղարությունը, Ճապոնիան, Ֆրանսիան: Նրանք կոչ են արել վերադառնալ սպառազինությունների վերահսկման շուրջ երկխոսությանը՝ աղետալի հետևանքներից խուսափելու համար։ Վաշինգտոնը հայտարարել է, որ կուսումնասիրի պայմանագրին Մոսկվայի մասնակցության կասեցման գործնական հետևանքները: Էնթոնի Բլինքենն անպատասխանատու է որակել Մոսկվայի դիրքորոշումը, նա նշել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է ցանկացած պահի Ռուսաստանի հետ քննարկելու միջուկային կայունության հարցը։ Ֆրանսիայի ԱԳՆ-ն էլ անհանգստություն է հայտնել աշխարհում միջուկային փորձարկումների վերսկսման հնարավորության հետ կապված:
ՄՈՍԿՎԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՄՈՏԵՑՈՒՄ ԿԴՐՍԵՎՈՐԻ. ՌԴ ԱԳՆ
Վլադիմիր Պուտինի հայտարարությունից և միջազգային հանրության արձագանքից հետո ՌԴ արտգործնախարարությունը հանդես է եկել պարզաբանող հայտարարությամբ՝ «Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման և սահմանափակման միջոցների մասին» պայմանագրին ռուսական մասնակցությունը կասեցնելու որոշումը կարող է չեղարկվել, եթե ԱՄՆ-ը քաղաքական կամք դրսևորի։
«Վաշինգտոնը պետք է ընդհանուր դեէսկալացիայի և Պայմանագրի լիարժեք գործունեությունը վերսկսելու պայմաններ ստեղծի»,- հայտնել են գերատեսչությունում:
Ռուսական կողմը հավատացրել է՝ միջուկային-հրթիռային ոլորտում կայունության պահպանման համար Մոսկվան պատասխանատու մոտեցում կդրսևորի և խստորեն կպահպանի ռազմավարական հարձակողական սպառազինությունների քանակական սահմանափակումները, որոնք նախատեսված են պայմանագրով։