Մոսկվան կոչ է անում Բաքվին և Երևանին հնարավորինս արագ վերսկսել ռիթմիկ աշխատանքը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ռուսական կողմը հետևողականորեն նպաստում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը, ՌԴ պաշտպանության նախարարությունը և ռուսական խաղաղապահ զորակազմը, ԱԳՆ-ի հետ սերտ համագործակցությամբ, եռանդուն ջանքեր են գործադրում Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման համար: Բաքվի և Երևանի մեր գործընկերներին կոչ ենք անում վերսկսել ռիթմիկ համատեղ աշխատանքը երկկողմ հարաբերությունների կարգավորման բոլոր ուղղություններով»,- չորեքշաբթի ճեպազրույցում ասել է Զախարովան։
«Բաքվի և Երևանի հետ երկխոսության ընթացքում մենք շարունակում ենք փոխընդունելի լուծումների որոնումը, որոնք կօգնեն վերականգնելու Լաչինի միջանցքի լիարժեք գործունեությունը՝ համաձայն Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության, և բարելավել հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում»,- հավելել է դիվանագետը։
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հունվարի 18-ին հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղում Լաչինի միջանցքի հարցը կարող է լուծվել մոտ ապագայում։ Նա նշել է, որ Մոսկվան Բաքվին և Երևանին առաջարկել է հետևյալ մեխանիզմը. ռուս խաղաղապահները եռակողմ համաձայնագրով պետք է իրավասություն ունենան վերահսկելու երթևեկությունը Լաչինի միջանցքով, ներառյալ փոխադրամիջոցների ստուգումը՝ արգելված, ոչ մարդասիրական, ոչ քաղաքացիական ապրանքների տեղափոխումը կանխելու համար: