Անահիտ Ավանեսյանը Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի ուղեկցությամբ ներկա է եղել Սպիտակի բժշկական կենտրոնի համակարգչային տոմոգրաֆիայի կաբինետի բացմանն ու ծանոթացել բժշկական կենտրոնի նորոգված վերակենդանացման բաժանմունքի հնարավորություններին:
Մարզային բժշկական կենտրոններին ժամանակակից նորագույն սարքավորումներով պարբերաբար զինելը, հմուտ մասնագետներով համալրելը առողջապահության առաջնահերթություններից մեկն է: Դրա շնորհիվ մարզերի բնակիչները հնարավորություն են ունենում տեղում, առանց ավելորդ գումար ու ժամանակ ծախսելու, որակյալ ու ամբողջական բուժծառայություն ստանալ:
Վերջերս Երևանից Սպիտակի բժշկական կենտրոնում աշխատելու են տեղափոխվել երիտասարդ բժիշկ-ամուսիններ:
«Կանգ չառնել ու ձեռքբերումները կրկնապատկել է պետք»,- Սպիտակի բուժանձնակազմի հետ հանդիպմանը նշել է նախարարն ու ընդգծել, որ այս բժշկական կենտրոնը, ամեն տարի նոր մարտահրավերներ հաղթահարելով, առողջապահական համակարգի զարգացման ու բարեփոխումների հետ համաչափ է քայլում: