Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտաքին և եվրոպական գործերի նախարար Ժան Ասելբորնի գլխավորած պատվիրակությունն այսօր այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ուղեկցությամբ: Այդ մասին հայտնում են «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամից:
Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը:
Երկու երկրների նախարարները ծաղկեպսակներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:
Այցի ավարտին հյուրերը շրջել են Հիշողության պուրակում, որտեղ Ժան Ասելբորնը ջրել է 2018 թ. մարտի 27-ին Ծիծեռնակաբերդ կատարած իր այցի ժամանակ տնկած եղևնին: