Օրենքի նախագծի մշակման նպատակը հարկ վճարողների անձնական հաշվի քարտերում հարկային պարտավորությունների և դեբետային գումարների հաշվառման հարցերի հստակեցման, անձնական հաշվի քարտերում առկա պարտավորությունների և դեբետային գումարների մարման հաջորդականության նոր մեթոդաբանության ներդրման համար համապատասխան օրենսդրական կարգավորումների սահմանումն է` լրացուցիչ ճկունություն ապահովելով տնտեսվարողների համար: Այս մասին, ինչպես տեղեկանում ենք ԱԺ կայքից, ասել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը:
Կառավարության հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկվել է տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փետրվարի 22-ի նիստում:
Նախագծով մասնավորապես առաջարկվում է ներդնել անձնական հաշվի քարտերի վարման նոր մեխանիզմներ: Սահմանվել է նաև պարտավորությունների մարման վճարման վերջնաժամկետի նորմ, վերանայվել է դեբետային գումարների վերադարձման կարգը:
Արթուր Մանուկյանի խոսքով՝ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում ուսումնասիրվել են ԱԺ փորձագետների կողմից ներկայացված առաջարկությունները, Կառավարությունը ևս ներկայացրել է նախագիծը լավարկող տեխնիկական բնույթի փոփոխությունների առաջարկություններ, որոնք ընդունվել են:
Լրամշակված նախագիծը ստացել է դրական եզրակացություն:
Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել և դրական եզրակացություն է տվել Կառավարության հեղինակած «Արդյունաբերական քաղաքականության մասին» և «Առևտրաարդյունաբերական պալատների մասին» օրենքներում լրացումներ նախատեսող օրինագծերի փաթեթին:
Ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի` նախաձեռնությամբ ամրագրվում է, որ ԵԱՏՄ-ի արդյունաբերական ապրանքների ռեեստրում ապրանքների մուտքագրումը տեղի է ունենում Առևտրաարդյունաբարական պալատի տված ծագման վկայականի և Էկոնոմիկայի նախարարության կողմից այդ ռեեստրում փաստացի մուտք անելու գործընթացի հիման վրա:
«Դա հնարավորություն է տալիս, որ ռեեստրում առկա ապրանքները մասնակցեն Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների պետական գնումների գործընթացներին: Այս պահին մենք ունենք 5 անվանատեսակ ապրանք, որոնք մուտքագրված են արդյունաբերական ապրանքների ռեեստրում»,- ընդգծել է նախարարը:
Կարևորելով արդյունաբերության զարգացումը` զեկուցողը փաստել է, որ մշակվող արդյունաբերությունում 2022 թվականին տնտեսական աճը կազմել է 11,9 տոկոս:
Մինչև երկու ամսով հետաձգվել է ««Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրինագծի քննարկումը: