Համաշխարհային երևույթ, կինոյի բացարձակ հանճար, մեր ժամանակների մեծագույն կինեմատոգրաֆիստ․ համաշխարհային կինոռեժիսորներն ասել են կենդանի լեգենդի՝ Արտավազդ Փելեշյանի մասին։ Վարպետը 85 տարեկան է։
Արտավազդ Փելեշյան (ՀՀ ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր, սցենարիստ) - Բոլոր արվեստներից առաջ ծնվել է կինոն, մինչև անգամ այն քարանձավների վրա, որ նկարներ են արել, դա կինո է եղել։
Ես չեմ մոնտաժում պատկերն ու երաժշտությունը, մոնտաժում եմ պատկերի զգացմունքը երաժշտության զգացմունքի հետ՝ ասում է Փելեշյանը, որ համարվում է տարածական մոնտաժի հիմնադիրը։ Պատկերահնչյունային մոնտաժի բարձր վարպետությամբ է ստեղծել «Վերջ», «Կյանք», «Տարվա եղանակները», «Մեր դարը» ֆիլմերը: Մեկ տարի առաջ հայ հանդիսատեսին ներկայացվեց նրա «Բնություն» ֆիլմը՝ կրկին ոչ միօրինակ մոտեցմամբ։
Արտավազդ Փելեշյան - Առաջարկեցին ինձ անել ֆիլմ բնության աղետների մասին։ Նրանք տեսել էին իմ հին ֆիլմը, որտեղ կատաստրոֆաներ են։ Ուզում էին նմանատիպ մի ֆիլմ։ Մենք արեցինք այդ ֆիլմը։
Ինչպես իր ֆիլմերն են լուռ, այնպես էլ ռեժիսորը։ Նա աշխատում ու լռում է։
Արտավազդ Փելեշյան - Ես ինտերվյու չեմ տալիս:
Վարպետին շնորհավորելու են եկել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու փոխնախարար Արա Խզմալյանը։ Նվիրում են «Համո Բեկնազարյան» պատկերագիրքը։
Արտավազդ Փելեշյան - Եղավ, շնորհակալ եմ, բայց պետք է իր գերեզմանը տեղափոխել Հայաստան։
Ժաննա Անդրեասյան (ԿԳՄՍ նախարար) - Դա այն հարցերից է, որի շուրջ պետք է մտածենք։ Գիտեմ՝ ինչքան ջանք եք դրել, որ ժամանակին Տերյանի վրա իր տարածքը չսեփականաշնորհվի, ու շատ շնորհակալ եմ այդ ջանքի համար։ Գնահատելի է այդ ավանդը, որ ունեցել եք։
Արա Խզմալյանի խոսքով՝ Փելեշյանը այն անունն է, որն իմաստավորում է մեր գեղարվեստական իրականությունը։
Արա Խզմալյան (ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ) - Վարպետը մեր կինեմատոգրաֆում, իմ տպավորությամբ, պանթեիստ է՝ բնապաշտ։ Ամեն ինչ դիտում է բնության ուժի, բնության զորության, տարերքի, հավերժության ու պարբերականության գաղափարների ներքո։
Փոխնախարարի խոսքով՝ առանց Փելեշյանի անհնար է պատկերացնել հայ կինեմատոգրաֆի ընթացքը, զարգացումը, պատմությունը։ Վարպետը շարունակում է ստեղծագործել, զարմացնել ու հիացնել։
Հեղինակ՝ Անի Ավագյան