ԱԴՐԲԵՋԱՆԸ ԵՐԿԱՐԱՑՐԵԼ Է ԿԱՐԱՆՏԻՆԸ
Կորոնավիրուսի հետ կապված Ադրբեջանը մինչև մայիսի 1-ը երկարաձգել է կարանտինը։ Երկրի ցամաքային սահմաններն արդեն երեք տարի փակ են։ Մեկնումն ու ժամանումը երկիր հնարավոր է միայն օդային տրանսպորտով։
Միակ բացառությունը Նախիջևանում Թուրքիայի հետ ցամաքային սահմանն է, սակայն այն կարող են հատել միայն Ադրբեջանի այն քաղաքացիները, որոնք ունեն Նախիջևանում բնակության թույլտվություն։ «Ադրբեջանն այսօր միակ երկիրն է աշխարհում, որտեղ պաշտոնապես փակ սահմաններ կան»,- նշել է ընդդիմադիր քաղաքական գործիչ Նաթիկ Ջաֆարլին։
ԱԷՄԳ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԹԵՀՐԱՆՈՒՄ Է
Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության պատվիրակությունը Թեհրանում է: Փորձագետները բանակցություններ են վարում իրանական կողմի հետ և այցելում համապատասխան օբյեկտներ՝ հայտարարել է Իրանի ատոմային էներգետիկայի կազմակերպության ղեկավար Մոհամադ Էսլամին։ Նրա խոսքով՝ միջուկային համաձայնագրի հիմնական կողմերը, մասնավորապես՝ ԱՄՆ-ը, չեն կատարել միջուկային ծրագրով նախատեսված պարտավորությունները: Էսլամիի խոսքով՝ Թեհրանը չի պատրաստվում միակողմանիորեն կատարել իր պարտավորությունները և քաղաքական ճնշումների չի տրվի:
Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն էլ հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է ավարտին հասցնելու միջուկային ծրագրի վերականգնման շուրջ բանակցությունները՝ հաշվի առնելով նախորդ փուլերի արդյունքները և Իրանի կարմիր գծերը։ Նա նաև հավատացրել է, որ Իրանը երբևէ չի ձգտել միջուկային զենք ստեղծել:
ՌԴ-Ն ԵՎ ՉԺՀ-Ն ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ՊԱՀԵԼ ՄԻՄՅԱՆՑ ՇԱՀԵՐԸ. ԼԱՎՐՈՎ
Չինաստանի արտգործնախարար Վան Յին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է նոր պայմանավորվածություններ ձեռք բերելու Մոսկվայի հետ: Նա նշել է՝ Պեկինը գործակցության նոր հորիզոններ կբացի ոչ միայն Ռուսաստանի, այլև աշխարհի բոլոր երկրների հետ հարաբերությունների զարգացման համար: Վան Յին վստահեցրել է ռուս գործընկերոջը, որ չինական կողմը շարունակելու է աշխատել երկկողմ հարաբերությունների խորացման ուղղությամբ։
Լավրովն ընդգծել է՝ Մոսկվան և Պեկինը պատրաստ են պաշտպանելու միմյանց շահերը միջազգային ասպարեզում: Նա գոհունակություն է հայտնել, որ երկու երկրի հարաբերությունները դինամիկ զարգանում են:
ԵՄ-Ն ԿՊԱՅՔԱՐԻ ՌԴ-Ի ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԸ ՇՐՋԱՆՑՈՂՆԵՐԻ ԴԵՄ
Եվրամիության 12 երկիր, այդ թվում՝ Գերմանիան, առաջարկել են Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները շրջանցելու դեմ առավել վճռական պայքար մղել՝ գրում են գերմանական լրատվամիջոցները։
Առաջարկվում է, մասնավորապես, գործարկել միասնական վերլուծական հարթակ, որը կարելի է օգտագործել կոնկրետ դեպքերի և կասկածելի առևտրային հոսքերի հետաքննության համար։
Եվրոպական երկրներին մտահոգում է այն, որ որոշ ապրանքներ, որոնք Եվրամիության պատժամիջոցների պատճառով չեն կարող մատակարարվել Ռուսաստան, այդ երկրում են հայտնվում այլընտրանքային ճանապարհներով։
ՍԵՐԲԻԱՆ ՉԻ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ՍՏԱՆԱԼ ՌԴ-ԻՑ ՊԱՏՎԻՐԱԾ ԶԻՆՏԵԽՆԻԿԱՆ. ՎՈՒՉԻՉ
Սերբիան չի կարողանում ստանալ Ռուսաստանից պատվիրած ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգերը՝ հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։
Ավելի վաղ նա տեղեկացրել էր, որ «այժմ անհնար է պահեստամասեր և, ընդհանրապես, ռազմական նշանակության արտադրանք ձեռք բերել Ռուսաստանից»։ Ըստ Վուչիչի՝ խնդիր է առաջացել նաև Չինաստանից ներկրումների հետ կապված, հետևաբար Սերբիան պետք է կենտրոնանա սեփական ռազմարդյունաբերության վրա: Երկրի ղեկավարը մտահոգություն է հայտնել՝ աշխարհում սպառազինությունների մրցավազք է սկսվել։
ՎԵՆԵՏԻԿԻ ՋՐԱՆՑՔՆԵՐԸ ԳՐԵԹԵ ՑԱՄԱՔԵԼ ԵՆ
Վենետիկի ջրանցքները վերջին օրերին գրեթե ցամաքել են ուժեղ տեղատվության և ջրի մակարդակի նորմայից կես մետր նվազման պատճառով, ինչը խանգարում է ջրային տաքսիների, գոնդոլների և նավակներ օգտագործող քաղաքային շտապօգնության ծառայության աշխատանքին՝ գրում է Bloomberg-ը։
Փորձագետները նշում են, որ ստեղծված իրավիճակը վերջին մի քանի ամիսների ընթացքում տարածաշրջանը պատուհասած երաշտի անուղղակի հետևանք է, իսկ տեղումների բացակայությունն ավելի է սրել վիճակը: Վենետիկի իշխանությունները փորձում են լուծել խնդիրը։ Համապատասխան աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ։