Արդեն երկու տարի է՝ զրկված ենք Սևանի ջրում ազոտի և օրգանական ածխածնի քանակը որոշելու տեխնիկական հնարավորությունից: Լճի էկոհամակարգի որակական գնահատման համար դա կարևոր ցուցանիշ է, ասում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի ղեկավարը:
Լևոն Ազիզյան (ՀՀ ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն) - Մինչև 21 թիվը մենք սարքավորումն ունեինք, փչացել էր սարքավորումը, պահեստամասերը բավականին թանկ էին:
Խնդիրը կլուծվի արդեն այս տարի: Գերմանիայի միջազգային համագործակցության հիմնադրամն ու Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հունվարի 20-ին կնքել են համաձայնագիր, ըստ որի Սևանա լճի և նրա ջրահավաք ավազանի մոնիթորինգի բարելավմանն ուղղված ֆինանսական աջակցություն կցուցաբերի GIZ-ը: Գործակցությունն ավելի ընդլայնված է լինելու:
Ալեքսանդր Առաքելյան (Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանության ծրագրի ջրային ռեսուրսների կառավարման խորհրդական) - Մենք համագործակցում ենք նաև գերմանացի գիտնականների հետ, որոնց փորձը ևս շատ կարևոր է, որպեսզի հասկանանք առաջնահերթությունները մոնիթորինգի, մշակենք ռազմավարություն, ռազմավարական պլան հետագա զարգացման համար:
Սևանա լճի և ավազանի հիդրոքիմիական և հիդրոկենսաբանական դիտարկման խթանման նպատակով դաշտային սարքավորումներով ևս հետազոտություն կիրականացվի: Մինչև օրս Սևանի ավազանի ստորերկրյա ջրերի ուսումնասիրությունները սահմանափակ են եղել, ասում է փորձագետը:
Ալեքսանդր Առաքելյան - Մենք հատկապես դիտարկում ենք ստորերկրյա ջրերի վերականգնման պոտենցիալը, դրանց ծագման և տարիքի հետ կապված հարցերը, որոնք որ նախկինում չեն ուսումնասիրվել:
Սևանի վրա բացասաբար են ազդում հարակից բնակավայրերի կոմունալ կենցաղային խնդիրները, գյուղատնտեսությունը և տուրիզմը: Հիդրոօդերևութաբանության կենտրոնի լաբորատորիան կվերազինվի, կենտրոնը կունենա նաև շրջիկ լաբորատորիա, մոնիթորինգների համար անհրաժեշտ տեխնիկական միջոցներ: Ինչպես նաև կկազմակերպվի մասնագետների վերապատրաստում:
Անդրեա Բաջջիոլի (ՀՀ-ում ԵՄ պատվիրակության միջազգային համագործակցության պատասխանատու) - «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» ծրագրով Եվրամիության աջակցությունը կազմում է ավելի քան 5 միլիոն 600 հազար եվրո: Հիդրոօդերևութաբանությանն աջակցությունը կկազմի ավելի քան 103 հազար եվրո: Սա Եվրամիության ֆինանսական աջակցության տարբեր ծրագրերից մեկն է: Հիմա մշակում ենք Հյուսիսային ջրավազանային տարածքի կառավարման ծրագիրը Տավուշի և Լոռու մարզերում:
Եվրամիության աջակցության ծրագրով կուսումնասիրվեն նաև Դեբեդ և Աղստև գետերի ջրավազանները: