Գյումրիում դասական երաժշտություն ունկնդրելու հասցեն այսօրվանից փոխվում է։ Պաշտոնապես իր դռները բացեց Գյումրիի կամերային երաժշտության դահլիճը։
Մշակութային Գյումրին մինչև այսօր չուներ կամերային դահլիճ։ Քաղաքի ամենահին երաժշտական դպրոցներից մեկի` 1970-ականներին կառուցված համերգային դահլիճը ամբողջովին նորոգվել ու վերապրոֆիլավորվել է կամերայինի։ Գումարը հատկացվել է քաղաքային բյուջեից, աշխատանքներն իրականացվել են երեք փուլով։
Վարդգես Սամսոնյան (Գյումրիի քաղաքապետ) - Առաջին փուլում 20 մլն դրամ հատկացվեց այս գեղեցիկ դահլիճի համար։ Երկրորդ փուլի հետ կապված հատկացվեց 5 միլիոն դրամ ջեռուցման համար, դրանից հետո` նախամուտքի վերանորոգման համար, վերջին նիստով հատկացվեց 8 մլն դրամ, ամբողջը 33 մլն դրամ արժողության է։
Նախկինում, օրինակ՝ թատերական դահլիճն էր հարմարեցվում երաժշտական կատարումների համար։ Քաղաքապետարանի մշակույթի բաժնի պատասխանատուն վստահ է, որ Գյումրիի կամերային երաժշտության դահլիճը դառնալու է երաժշտական նոր հանդիպումների վայր:
Լիլիթ Թովմասյան (Գյումրիի քաղաքապետարանի մշակույթի բաժնի պատասխանատու) - Այստեղ ելույթ են ունենալու հայ և համաշխարհային ճանաչում ունեցող այնպիսի երաժիշտներ, ովքեր մինչ այս պահը հրաժարվում էին ելույթ ունենալ Գյումրիում՝ անհրաժեշտ դահլիճի բացակայության պատճառով։ Գիտեմ նաև, որ միջավայրը արդյունք է ծնում, և Գյումրիի պատանեկան նվագախմբերը, սկսելով իրենց ճանապարհը այս դահլիճից, անշուշտ նոր նշաձող են սահմանելու՝ նախ իրենց, հետո՝ մշակութային քաղաքի համար։
Երվանդ Վարոսյան (Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր) - Շնորհավորում եմ բոլորիս, Գյումրիում ստեղծվեց ևս մեկ հարթակ դասական երաժշտության համար։ Կփորձենք ինչքան հնարավոր է պրոպագանդել դասականը գյումրեցի ունկնդրին։
Գյումրիի կամերային դահլիճը կսպասարկի նաև քաղաքի բոլոր՝ դպրոցական, միջին ու բարձրագույն մասնագիտական կրթության օղակների համերգները, կընդունի հայ և արտասահմանյան հայտնի երաժիշտների: Քաղաքում հույս ունեն, որ դահլիճը կդառնա նաև փորձի փոխանակման կարևոր հարթակ: