Գարեջրի պատրաստման 5 մլն-անոց սարք է։ Կողքինը նույն արժեքի մրգային օղու թորման հոսաքիծ է, ցույց է տալիս Ագրարայինի պրոռեկտորը։ Ուսանողներին մասնագիտությունը գործարանում կիրառվող ժամանակակից տեխնիկայի վրա սովորեցնելու համար բուհը վերջին մի քանի տարում տարբեր նվիրատուների օգնությամբ 50 նման ենթակառուցվածք է ձևավորել։
Սարքավորումը կամ գումար այն գնելու համար՝ համալսարանը ստացել-ստանում է միջազգային ու տեղական դոնոր կառույցներից, հաճախ նաև՝ բիզնեսից։ Շուտով USAID-ի ծրագրով կաթնա-, մսամթերքի, նաև պահածոների պատրաստման լաբորատորիա կունենան։ Հերթում՝ բիոտեխնոլոգիական լաբորատորիայի բացումն է։ Առանց նվիրատուների չէին կարողանա ֆինանսական այսպիսի հարցեր լուծել՝ անկեղծանում է Հրաչյա Զաքոյանը։
Հրաչյա Զաքոյան (ՀԱԱՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր) - Բուհի առջև էնքան խնդիրներ կան ծառացած, որ նման սարքավորումներ ձեռք բերելու համար, եթե փորձի օգտագործել իր միջոցները, նույնիսկ համեստ աշխատավարձը չի կարող տալ։
Նվիրատուն Ագրարայինին, Պոլիտեխնիկին թե Բժշկականին սարքավորումը տալիս, պարզվում է, պետք է նաև դրա գնի 20 տոկոսի չափով էլ ԱԱՀ վճարեն բյուջե։ Եթե աջակցությունը ֆինանսական է, անկախ գումարի չափից, բիզնեսն իր հասույթը կարողանում է նվազեցնել շրջանառության ընդամենը 0,25 տոկոսի չափով։ Օրենքի այս կետերը ոչ միայն չեն մոտիվացնում նվիրատու դառնալ, այլև հաճախ տնտեսվարողն ուզում է հերթական թարմացումից հետո իր պահեստում անիմաստ փոշոտվող՝ լինի համակարգիչ թե այլ տեխնիկա, փոխանցի որևէ դպրոցի: «Բա դրա ԱԱՀ-ն ո՞վ վճարի» հարցի պատճառով կրթական հաստատությունն այն չի վերցնում։ Խնդիրը բացահայտած Հայաստանի ներդրումային խորհրդում հարցը կարգավորելու նախագիծ են մշակել։
Հովսեփ Պատվականյան (Հայաստանի ներդրումային խորհրդի ղեկավար) - Առաջարկվում է, որ այն ընկերությունները, որոնք սարքավորումներ կնվիրաբերեն բուհերին, հանրակրթական ոլորտին, սարքավորմների շուկայական արժեքից գոյացած ԱԱՀ-ն ուղղակի չլինի:
Այստեղ արձանագրում են․ եթե նվիրատուն ոչ թե բիզնեսն է, այլ միջազգային կառույց, քանի որ մեր երկրում դոնորն ազատված է հարկումից՝ ԱԱՀ-ի հարցն առաջ է գալիս ծրագրի ավարտին, երբ գույքն արդեն փոխանցվում է կրթական հիմնարկի բալանսին։ Հարկման խնդիր չի առաջանում միայն Կառավարության բարեգործական հանձնաժողովում հաստատված նախագծերի համար։ Բայց քչերն են պատրաստ փոքր նվիրատվությունների դեպքում փաստաթղթային մեծ փաթեթ հավաքել ու 4-5 ամիս սպասել, ինչի պատճառով ոչինչ էլ չեն անում, պնդում է Պատվականյանը։ Պետություն-մասնավոր համագործակցությունը խթանող իրենց օրինագիծը, ասում է, էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել, հաստատման հաջորդ փուլ է անցել։
Հովսեփ Պատվականյան - Նախագիծն ապրիլին ներկայացվելու է ՓՄՁ խորհրդի նիստին փոխվարչապետի գլխավորությամբ, որից հետո, հույս ունենք, պաշտոնապես կշրջանառվի, ու այս խնդիրը ևս կլուծվի, որովհետև ազդակներն ամեն տեղից գալիս են:
Նվիրատվությունները խրախուսող փաթեթի մեկ այլ փոփոխությամբ առաջարկվում է շահութահարկի համար հասույթից պակասեցվող 0,25 տոկոսը դարձնել 2,5 տոկոս։ Նախագծի հեղինակները համոզված են՝ բիզնեսը հենց շահագրգռվեց տեխնիկապես վերազինել քոլեջներն ու բուհերը, պահանջ է դնելու, որ նաև իրենց ներդրման հաշվին սովորող-ավարտողը ոչ թե տեսական գիտելիքով, այլ գործնական, պատրաստ մտնի աշխատաշուկա։ Նորմալ մասնագետի կարիք հիմա տնտեսության բոլոր ճյուղերում կա։