Գոհունակությամբ արձանագրել ենք Հայաստան-Լյուքսեմբուրգ քաղաքական երկխոսության բարձր մակարդակը։ Այս մասին այսօր Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտաքին և եվրոպական գործերի նախարար Ժան Ասելբորնի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Անդրադարձել ենք ժողովրդավարական արժեքների, ընդհանուր ընկալումների և փոխվստահության վրա հիմնված համագործակցության ընդլայնման հեռանկարներին։ Անդրադարձել ենք Հայաստանի բարեփոխումների հավակնոտ օրակարգին՝ ուղղված մարդու իրավունքների պաշտպանությանը, օրենքի գերակայության ամրապնդմանը, արդյունավետ կառավարման ապահովմանը, կոռուպցիայի դեմ անզիջում պայքարին։
Ինչպես գիտեք, միջազգային հեղինակավոր վարկանիշների համաձայն՝ առանձին ոլորտներում Հայաստանը գնահատվում է որպես առաջատար տարածաշրջանում և շարունակական առաջընթաց է գրանցում։
Վստահեցնում եմ՝ մենք հաստատակամ կերպով շարունակելու ենք ժողովրդավարական բարեփոխումների ուղին և ակնկալում ենք մեր գործընկերների աջակցությունը և համագործակցությունը»,- ասաց Միրզոյանը։
ՀՀ ԱԳ նախարարը հայտնեց նաև, որ իրենք պատրաստակամություն են հայտնել գործնական քայլեր ձեռնարկել նաև տնտեսական, գիտական, մշակութային ոլորտներում առկա ներուժը լիարժեք իրացնելու ուղղությամբ։