Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, քիչ առաջ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը հրապարակեց Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի կողմից ներկայացված ժամանակավոր միջոցներ կիրառելու վերաբերյալ իր որոշումները:
Դատարանը, բավարար չհամարելով Ադրբեջանի հավաստիացումներն ու հանձնառություններն առ այն, որ Ադրբեջանը շարունակում է ապահովել Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգ տեղաշարժը, բավարարեց Հայաստանի ժամանակավոր միջոց կիրառելու պահանջը և պարտավորեցրեց Ադրբեջանին՝
մինչև «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով վերջնական որոշման կայացումը՝ ձեռնարկել բոլոր միջոցները երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը:
Անդրադառնալով Հայաստանի դեմ Ադրբեջանի ներկայացրած ենթադրյալ ականապատման վերաբերյալ պահանջներին՝ Դատարանն ամբողջությամբ մերժել է այդ պահանջները:
Հայաստանը հետամուտ է լինելու Ադրբեջանի կողմից դատարանի որոշումների կատարմանը և ծանուցելու է դատարանին «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» դատական գործի քննության ողջ ժամկետի ընթացքում ի հայտ եկած ցանկացած խախտման մասին։