Մոտ տասը տարի է՝ Էջմիածնի Բաղրամյան փողոցի 20Ա շենքի կոյաջրերը հոսում են դեպի նկուղ՝ թուլացնելով բազմաբնակարանի հիմքերը: Շենքը կառուցվել է 1974 թվականին, մասնագետների պնդմամբ՝ կոպիտ խախտումներով: Դա է պատճառը, որ «Վեոլիա ջուր» ընկերության Արմավիրի տեղամասում դժվարանում են կանխարգելել կամ վերացնել վթարները:
Արտյոմ Խաչատուրյան («Վեոլիա ջուր» ՓԲԸ «Արմավիր» տեղամասի շահագործման պետ) - Մագիստրալն անցնում է շենքի տակով, տարօրինակ է, բայց այդպես է:
Վարդան Հակոբյան (Էջմիածնի բնակիչ) - Մագիստրալը շենքի տակն է, չենք կարող քանդել՝ դա են պատճառաբանում, բայց դա մեզ չի խանգարում, ոչ էլ մի տեղից դուրս է տալիս, հենա՝ գետի պես հոսում, լցվում է նկուղը:
Բայց պարզվել է, որ կոյաջրերը նկուղ են լցվում ոչ թե շենքի տակով անցնող խողովակաշարի վթարի պատճառով, այլ քանդված դիտահորերի: Քայքայված, քար ու հողով լցված հորերում տեղ չգտնելով՝ ջուրը ճանապարհ է հարթում դեպի նկուղ: Բնակիչների ասելով՝ կեղտաջուրն այնքան է բարձրանում, որ մինչև օրվա վերջ ողողում է նաև մուտքը:
Վարդան Հակոբյան - Դիտահորը քանդվել է, ոչ մի պատ չունի, ջուրն իր ճանապարհը գտել է, լցվում է նկուղը: Կարող է՝ մի օր էս շենքը գնա ընդհատակ:
Հակասանիտարական պայմաններում ապրելը դժվարանում է հատկապես ամռանը: Իսկ ձմռանը, ճիշտ է՝ տարատեսակ միջատներն ու կրծողները պակասում են, բայց գարշահոտից ազատվել չի լինում: Վատ հոտի պատճառով բնակիչները անհարմար են զգում հյուր ընդունել:
Ջուլիետա Հակոբյան (Էջմիածնի բնակիչ) - Մեր տան մեջ՝ 3-րդ հարկում, միջանցքից, խոհանոցից հոտը գալիս է:
Բազմաբնակարանի բնակիչները փորձել են խնդիրը համատիրության միջոցով հասցնել «Վեոլիա ջրին», բայց գործը տեղից չի շարժվել:
Զաքար Նիկողոսյան (համատիրության նախագահ) - Մի տղա զանգեց, ասացի՝ կոյուղին մեր գործը չի, բայց եկեք, հարևաններով հավաքվենք՝ մաքրենք, չեկան:
«Վեոլիա ջուր» ընկերության Արմավիրի տեղամասից ասացին՝ դիտահորերը մաքրելու խնդիր ունեն. բնակիչները զավթել ու ցանկապատել են բակի այն հատվածը, որտեղ հորերն են, հնարավոր չէ տեխնիկան մոտեցնել: Չնայած, ասացին՝ մաքրելն էլ հարցի լուծում չէ:
Արտյոմ Խաչատուրյան - Էս պահին նախատեսել ենք դիտահորերը փոխարինել նորով, որի աշխատանքները կսկսենք մյուս շաբաթվանից: Դրանից հետո, կարծում են՝ 80 տոկոսով վիճակը կբարելավվի:
Նոր դիտահորեր տեղադրելուց և նկուղ լցվող կոյաջրերի հոսքը կասեցնելուց հետո բնակիչները կմաքրեն, անպետք իրերից կազատեն նկուղն ու կդարձնեն ապաստարան: