Փորձում ենք տնտեսական կառուցվածքը փոխել այնպես, որ հանքարդյունաբերությունը չդառնա գերիշխող ճյուղ։ Այս մասին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ միաժամանակ ավելացնելով, որ դրա նվազումն էլ նպատակներից մեկը չէ։
«Հանքարդյունաբերության նվազումը տեղի է ունեցել երկրորդ խոշոր հանքի կանգնած լինելու պատճառով։ Խոսքը Թեղուտի հանքավայրի մասին է, որի սեփականատերը և փոխկապակցված գործընկերները հայտնվել են սանկցիաների տակ։ Դրա պատճառով ընկերությունը հնարավորություն չի ունեցել տնտեսական գործունեություն իրականացնել»,- ասաց նա։
Նախարարը հայտնեց նաև, որ Հայաստանի կառավարությունն այսօր համաձայնագիր կստորագրի «Լիդիան Արմենիա» ընկերության հետ, որին պատկանում է Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման լիցենզիան։
«Հենց այսօր մենք կստորագրենք մյուս խոշորագույն հանքի հետ կապված փաստաթղթեր, որոնք կազդարարեն այդ հանքի վերսկսելը։ Այսօր՝ ժամը 17:00-ին, 250 միլիոն դոլարանոց փաթեթ ենք ստորագրելու, որը թույլ է տալու վերսկսել ևս մի հանքի շահագործումը, որի վերաբերյալ վաղուց արդեն պարտավորությունները կային»,- ասաց Քերոբյանը։