Լյուքսեմբուրգի արտաքին և եվրոպական գործերի նախարար Ժան Ասելբորնի հետ համատեղ ասուլիսի ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտնեց, որ իրենց քննարկումների առանցքում են եղել տարածաշրջանի անվտանգության և կայունության հետ կապված զարգացումները։
«Գործընկերոջս ներկայացրել եմ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները։ Ցանկանում եմ ընդգծել, որ Ադրբեջանը պետք է հրաժարվի իր առավելապաշտական մոտեցումներից, ռազմատենչ հռետորաբանությունից և Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ նկրտումներից և գա կառուցողական քննարկումների և բարեխիղճ բանակցությունների դաշտ։
Տարածաշրջանային անվտանգության և կայունության համատեքստում պարոն Ասելբորնի հետ ընդգծել ենք նաև ԵՄ մշտադիտարկման քաղաքացիական առաքելության տեղակայման կարևորությունը, որն իր աշխատանքները մեկնարկեց 2 օր առաջ»,- ասաց Միրզոյանը։
Նախարարը նշեց, որ շնորհակալություն է հայտնել ԵՄ երկարաժամկետ դիտորդական առաքելություն տեղակայելու որոշման կապակցությամբ։
«Վստահ եմ՝ այն իր դերն ունենալու է տարածաշրջանում կայունության և խաղաղության ամրապնդման գործում»,- ասաց Միրզոյանը։