ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը հրապարակեց Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի կողմից ներկայացված ժամանակավոր միջոցներ կիրառելու վերաբերյալ իր որոշումները:
Հայաստանի կողմից ներկայացված հրատապ միջոցների առնչությամբ Դատարանը գտավ, որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապը Լաչինի միջանցքով խաթարվել է։
Դատարանը նշեց, որ այս իրավիճակը առաջացրել է մի շարք հետևանքներ, և որ այդ ազդեցությունը պահպանվում է մինչ օրս:
Դատարանի նշեց, որ իր տրամադրության տակ եղած տեղեկատվությունը ցույց է տալիս, որ Լաչինի միջանցքով տեղաշարժի խափանումը խոչընդոտել է Լեռնային Ղարաբաղում հոսպիտալացված հայ ազգային կամ էթնիկական պատկանելություն ունեցող անձանց Հայաստանի բժշկական հաստատություններ անհետաձգելի բժշկական օգնության համար տեղափոխումը:
Դատարանը նաև նշեց, որ ապացույցները ցույց են տալիս, որ խոչընդոտներ են առկա Լեռնային Ղարաբաղ առաջին անհրաժեշտության ապրանքների ներմուծման համար՝ առաջացնելով սննդի, դեղորայքի և կյանքի համար անհրաժեշտ այլ բժշկական պարագաների պակաս:
Դատարանը բավարար չհամարելով Ադրբեջանի հավաստիացումներն ու հանձնառություններն առ այն, որ Ադրբեջանը շարունակում է ապահովել Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգ տեղաշարժը, բավարարեց Հայաստանի ժամանակավոր միջոց կիրառելու պահանջը և պարտավորեցրեց Ադրբեջանին՝
մինչև «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով վերջնական որոշման կայացումը՝ ձեռնարկել բոլոր միջոցները երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը:
Անդրադառնալով Հայաստանի դեմ Ադրբեջանի ներկայացրած ենթադրյալ ականապատման վերաբերյալ պահանջներին՝ Դատարանն ամբողջությամբ մերժել է այդ պահանջները:
Հայաստանը հետամուտ է լինելու Ադրբեջանի կողմից դատարանի որոշումների կատարմանը և ծանուցելու է դատարանին «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» դատական գործի քննության ողջ ժամկետի ընթացքում ի հայտ եկած ցանկացած խախտման մասին։