«ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքից բխող գործողությունների ծրագրի» նախագծի հանրային քննարկումների շարքը զարգացման գործընկերների մասնակցությամբ այսօր շարունակվել է հերթական խորհրդատվական հանդիպմամբ։
Քննարկմանը մասնակցել ու ողջույնի խոսքով հանդես է եկել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Նախարարը կարևորել է այսօրինակ ձևաչափերով քննարկումների անցկացումը, ինչպես նաև նշել, որ հանդիպման մասնակիցների դիտարկումները և առաջարկները փաստաթուղթն էլ ավելի կբարելավեն և ամբողջական կդարձնեն:
«Տարիների ընդմիջումից հետո այսօր ուրախությամբ կարող ենք փաստել, որ «Հայաստանի Հանրապետության կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը» օրենքի կարգավիճակ ունի, և գործող օրենքի հիման վրա ներկայում քննարկում ենք գործողությունների ծրագիրը: Համատեղ ջանքերով պետք է նախանշենք գործողությունների ծրագրի այն առանցքային ու իրատեսական ճանապարհային քարտեզը, որով հնարավոր է հասնել ռազմավարությունում սահմանված հավակնոտ թիրախներին: Տևական ժամանակ նախագծի շուրջ բազում աշխատանքներ են իրականացվել, հիմա հստակ գիտենք՝ ինչ ակնկալիքներ ունենք առաջիկա տարիներին: Գործողությունների ծրագիրը հնարավոր է առավել արդյունավետ իրականացնել՝ համագործակցելով պետական տարբեր գերատեսչությունների, զարգացման գործընկերների և հասարակական կազմակերպությունների հետ: Մենք շատ ուրախ ենք համատեղ անցնելու մեր նախանշած ճանապարհով»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:
Հանդիպումը համանախագահել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ու Հայաստանում ԵՄ պատվիրակության գործերի ժամանակավոր համակատար Յան Պլեսինգերին:
Նախադպրոցական կրթության, հանրակրթության, նախնական և միջին մասնագիտական կրթության, ինչպես նաև արտադպրոցական ծառայությունների և ոչ ֆորմալ կրթության ուղղություններով նախատեսվող գործողությունների ծրագիրը մանրամասնորեն ներկայացրել են ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը ու նախնական և միջին մասնագիտական կրթության վարչության պետի պաշտոնակատար Արմենուհի Պողոսյանը:
Հանդիպման ընթացքում ԿԳՄՍՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Լուսինե Գրիգորյանը հանգամանորեն խոսել է բարձրագույն կրթության ոլորտում նախատեսվող գործողությունների ծրագրի ու տեսլականի մասին:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, կարևորելով նախագծի շուրջ հանրային քննարկումների անցկացումը, հիշեցրել է, որ «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքից բխող գործողությունների ծրագիրը տեղադրվել է e-draft էլեկտրոնային հարթակում, և հետաքրքրված անձինք մինչև փետրվարի 23-ը կարող են ներկայացնել ծրագրի վերաբերյալ իրենց առաջարկությունները և դիտողությունները:
Հիշեցնենք, որ հանդիպումը նախաձեռնել էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն Ասիական զարգացման բանկի և ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ: