Այսօր Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահի տեղակալ Դենիս Իլյինի և «Լիդիան Արմենիա» ընկերության տնօրենների խորհրդի անդամ Ջեֆֆրի Քոուչի հետ ստորագրել ենք փոխըմբռնման հուշագիր: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
«Կառավարությունն անհատույց ստանալու է «Լիդիան Արմենիա» ընկերության կանոնադրական կապիտալի 12,5 տոկոսը, ինչպես նաև ծրագրի շինարարության ընթացքում կվճարի տարեկան 7 մլն ԱՄՆ դոլար Ամուլսարի ազդակիր համայնքներին` որպես ֆինանսական աջակցություն:
Ընկերությունը նաև պարտավորվել է Ամուլսարի հանքավայրի շինարարությունն ու շահագործումը շարունակել իրականացնել հանքարդյունաբերության ոլորտում առկա լավագույն միջազգային չափանիշներով, ՀՀ օրենսդրական պահանջներին համապատասխան, ինչպես նաև նպաստել Ամուլսարի ազդակիր համայնքներում տեղական շուկայի զարգացմանն ու զբաղվածությանը»,- գրել է Քերոբյանը: