Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտաքին և եվրոպական գործերի նախարար Ժան Ասելբորնի հետ համատեղ ասուլիսի ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պատասխանեց Հանրային հեռուստաընկերության հարցին, թե ինչ հետագա զարգացումներ կարելի է ակնկալել Մյունխենում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների քննարկումից։ Այդ օրն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ կա ըմբռնում ԼՂ ժողովրդի հետ իրենց իրավունքների և անվտանգության վերաբերյալ քննարկումներ անցկացնելու մասին։
«Երբ ի սկզբանե նախաձեռնում էինք Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի քննարկումները, եղավ ընկալում և պայմանավորվածություն այդ բանակցությունները վարել երկու հիմնական ուղղություններով՝ մեկը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների հաստատման, կարգավորման, կարճ անվանում ենք՝ խաղաղության պայմանագրի շուրջ, մյուսը՝ ձևաչափ, հարթակ, որտեղ պետք է քննարկվեն ԼՂ-ում ապրող հայության իրավունքներն ու անվտանգությունը։
Տևական ժամանակ տեսնում ենք, որ Ադրբեջանը խուսանավում է այս խոսակցության մեջ ներգրավվելուց։ Մյունխենում մենք ստացել ենք ադրբեջանական կողմի պատրաստակամությունն ու հավաստիացումն այն մասին, որ միջազգայնորեն տեսանելի երկխոսությունը Բաքվի և Ստեփանակերտի միջև պետք է տեղի ունենա։
Մյուս կողմից՝ վերջին տարիներին շարունակաբար տեսել ենք, որ ձեռք են բերվում պայմանավորվածություններ, լինում են հավաստիացումներ, խոստումներ, հետո տեսնում ենք այս դիրքորոշումներից նահանջ, ընդհուպ մինչև ստորագրված և հանրահայտ պայմանավորվածություններից։ Հուսամ՝ այս անգամ այդ դեպքը չի լինի, և կրկին նույն վարքագիծը չենք տեսնի»,- ասաց Միրզոյանը։