Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար Ժան Ասելբորնի հետ համատեղ ասուլիսի ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը շեշտեց, որ Լաչինի միջանցքի կարգավորումները բանակցված են, ստորագրված են, այդ թվում՝ Ադրբեջանի նախագահի կողմից։
«Այդպիսի գաղափար հնչեցվել է՝ անցակետեր դնել Հայաստանի սահմանին և այն հատվածում, որտեղ սկսվում է Լաչինի միջանցքը։ Մեր պատասխանը միանշանակ է՝ Լաչինի միջանցքի արգելափակումից շատ կարճ ժամանակ անց, ես կասեի՝ անմիջապես, այս դիրքորոշումը հնչեցվել է և այն մնում է նույնը՝ Լաչինի միջանցքի կարգավորումները բանակցված են, ստորագրված են, այդ թվում՝ Ադրբեջանի նախագահի կողմից, ես խոսում եմ նոյեմբերի 9-ի փաստաթղթի մասին: Լաչինի միջանցքի կարգավորումների վերաբանակցումը, ընդ որում՝ կրկին ուժի գործադրման արդյունքում և նոր ուժի գործադրման սպառնալիքով, մեզ համար ակնհայտորեն ընդունելի չէ և չի կարող ընդունելի լուծում լինել»,- ասաց Միրզոյանը:
Նա շեշտեց, որ տեսանելի է ադրբեջանական ակնկալիքը՝ բացել Լաչինի միջանցքը մեկ այլ համարժեք միջանցք ստանալու շուրջ: Այս նարատիվը, ըստ Միրզոյանի, նոր չէ, և հայկական կողմի դիրքորոշումն էլ դրա կապակցությամբ նոր չի հնչեցվում:
«Մենք ունենք Լաչինի միջանցք, որը, ի դեպ, նույնիսկ մինչև վերջին պատերազմը ողջ բանակցային գործընթացում առանձնացվել է որպես հումանիտար միջանցք՝ հաշվի առնելով, որ ԼՂ հայությունն ամբողջությամբ շրջափակված է Ադրբեջանի կողմից, և միակ ճանապարհը՝ աշխարհին ու Հայաստանին կապող, հենց Լաչինի միջանցքն է: Այսինքն՝ ի սկզբանե կարևորվել է միջանցքի գոյությունը: Եվ բոլորը, այդ թվում՝ Ադրբեջանը ընդունել են, դա նաև արտացոլված է նոյեմբերի 9-ի փաստաթղթում, այնտեղ ևս հստակ ամրագրված է Լաչինի միջանցքը։
Ինչ վերաբերում է տարածաշրջանի մյուս ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, որի շուրջ պայմանավորվածություններ կան նոյեմբերի 9-ի փաստաթղթում և 2021-ի հունվարի 11-ի փաստաթղթում, հայկական կողմի դիրքորոշումը կրկին նույնն է ու շատ կառուցողական։
Մենք կարող են րոպե առաջ ձեռնամուխ լինել այդ ճանապարհների ապաշրջափակմանն այն պահից սկսած, երբ կընդունենք, որ այդ բոլոր ապաշրջափակվող ճանապարհները, այդ թվում՝ երկաթուղին, պետք է գործեն այն երկրների սուվերենության շրջանակներում ու օրենսդրության ներքո, որոնց տարածքով անցնում են: Սա, կարծում եմ՝ շատ հիմնավոր, միաժամանակ շատ կառուցողական ու շատ թափանցիկ մոտեցում է, մեր առաջարկն ու պատրաստակամությունն է։
Մենք բացառում ենք, չենք ողջունում նոր ուժի կիրառմամբ, սպառնալիքների ներքո եղած պայմանավորվածությունները փոխել կամ մի կողմի շահերի հաշվին զիջումներ կորզելու ագրեսիվ քաղաքականությունը, որն արտահայտված է նաև ադրբեջանական կողմի հայտարարություններում»,- ասաց ՀՀ ԱԳ նախարարը: