Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) պաշտոնյաները ժամանել են Թեհրան, բանակցություններ են վարում ու այցելում օբյեկտներ։ Այդ մասին հայտնել է Իրանի ատոմային էներգետիկայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին, հաղորդում է IRNA գործակալությունը։
«Վերացվել են նաև մեկ տեսուչի սխալ ընկալման պատճառով առաջացած անորոշությունները»,- ասել է Իրանի փոխնախագահը կառավարության նիստի շրջանակում։
Վեցնյակի խմբի անդամ երկրների միջև ստեղծված Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը նա անվանել է վստահության ամրապնդմանը միտված գործարք:
Պաշտոնյայի խոսքով՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ միջուկային համաձայնագրի հիմնական կողմերը, մասնավորապես՝ ԱՄՆ-ը, չեն կատարել իրենց պարտավորությունները և մյուսներին էլ թույլ չեն տվել փոխգործակցել։
Էսլամին անընդունելի է անվանել Իրանի կողմից միջուկային համաձայնագրի պարտավորությունների միակողմանի կատարումը՝ հավելելով, որ Թեհրանը քաղաքական ճնշում չի ընդունի։