Կարմիր խաչի միջազգային կոմիտեն պնդելու է, որ միջազգային տարբեր պատժամիջոցները չտարածվեն մարդասիրական օգնության գործողությունների վրա, այդ թվում՝ Սիրիայում, РИА Новости-ին հայտնել Է կազմակերպության գլխավոր տնօրեն Ռոբերտ Մարդինին:
«Պատժամիջոցները միշտ էլ քաղաքական որոշում են։ Մենք Կարմիր խաչում պնդում ենք, որ պետությունների նկատմամբ պատժամիջոցների որոշումներ ընդունելիս մարդասիրական նկատառումներով բացառություններ արվեն»,- ասել է Մարդինին՝ Սաուդյան մայրաքաղաք Ռիադում ընթացող երրորդ միջազգային հումանիտար համաժողովի շրջանակում:
Նրա գնահատմամբ՝ ԿԽՄԿ-ն չի քննարկի՝ արդյոք արդարացվա՞ծ են այս կամ այն սահմանափակումները, այլ «կշարունակի պնդել, որ շատ էական բացառություններ արվեն ցանկացած պատժամիջոցային ռեժիմում, այդ թվում՝ Սիրիայի հարցում»:
Մարդինիի համոզմամբ՝ դա կօգնի երաշխավորել, որ մարդասիրական գործողությունները չեն հետաձգվի, խոչընդոտներ չեն առաջանա դրանց տրամադրման հարցում, քանի որ դրանք վճռորոշ նշանակություն կունենան քաղաքացիական բնակչության կյանքի պահպանման համար: