ԼՂ հայության էթնիկ զտումը կանխելու համար առավել կարևորում ենք այս խնդրին միջազգային հանրության կողմից շարունակական ուշադրությունը և առարկայական գործողությունները։ Այս մասին ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգի արտաքին և եվրոպական գործերի նախարար Ժան Ասելբորնի հետ ասուլիսի ընթացքում։
«Այս ուղղությամբ կարևոր քայլերից ենք համարում հումանիտար իրավիճակը գնահատելու նպատակով ԼՂ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը։
Կարևոր է նաև միջազգային հումանիտար կազմակերպությունների, այդ թվում՝ ՄԱԿ-ի մասնագիտացված մարմինների անարգել մուտքը ԼՂ»,- նշեց Արարատ Միրզոյանը։
Ընդհանրացնելով՝ ՀՀ ԱԳ նախարարը ասաց, որ Հայաստանը բարձր է գնահատում բարեկամ Լյուքսեմբուրգի սկզբունքային և հստակ դիրքորոշումը Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող ունեցող հարցերի, այդ թվում՝ Հայաստանի ինքնիշխան տարածքի օկուպացիայի, ԼՂ-ի շուրջ ներկայումս ստեղծված հումանիտար ճգնաժամի, ինչպես նաև հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման վերաբերյալ։