Համաձայնագրի նպատակն է երկու պետությունների համապատասխան տարածքների միջև օդային հաղորդակցություններ հաստատելը և նման հաղորդակցությունների հետ կապված միջազգային համագործակցությունը հնարավորինս խթանելը: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը` տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փետրվարի 22-ի նիստում ներկայացնելով ««ՀՀ կառավարության և Սիրիայի Արաբական Հանրապետության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:
Համաձայնագրի վավերացումը կնպաստի երկու երկրների միջև կանոնավոր օդային հաղորդակցությունների ոլորտում հարաբերությունների պատշաճ և լիարժեք իրավական կարգավորմանը, թռիչքների ապահովմանը, ինչպես նաև կխթանի երկկողմ տնտեսական կապերի ակտիվացումը: Արմեն Սիմոնյանի խոսքով՝ կանոնավոր չվերթերի իրականացումը խիստ դրականորեն կանդրադառնա սիրիահայ համայնքի դեպի Հայաստան շարժի, ինչպես նաև միջպետական, խորհրդարանական և այլ պատվիրակությունների փոխայցելությունների վրա:
Պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը հետաքրքրվել է, թե ինչ սկզբունքով է իրականացվել հումանիտար օգնության տեղափոխումը Սիրիա, նշելով, որ համացանցում տարածվել է տեղեկատվություն, որ օդանավերի տեղաշարժերի հետ կապված խնդիրներ են եղել` Սիրիայում սահմանված միջազգային սանկցիաների կիրառման պատճառով:
Արմեն Սիմոնյանը նշել է, որ հումանիտար չվերթի իրականացումն այլ կարգավորում ունի` մարդասիրական և պետական կարիքների համար նախատեսվող չվերթերի թույլտվությունները ստացվում են դիվանագիտական ուղիներով: Նա տեղեկացրել է, որ ներկա պահին սահմանափակումների մասով խնդիրներ չկան:
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը, նշելով, որ խորհրդարանն օդանավակայաններում տաքսի ծառայությունների հարցի կարգավորման վերաբերյալ ընդունել է օրենքի նախագիծ, հետաքրքրվել է` ինչպե՞ս է իրականացվում կարգավորման գործընթացը, քանզի օդանավակայանում անհատ տաքսու վարորդները նույն կերպ շարունակում են Հայաստան եկած մարդկանց իրենց ծառայություններն առաջարկել: Պատգամավորը ընդգծել է, որ օրենքի նախագծով հենց այդ խնդիրն էին ցանկանում լուծել:
Հիմնական զեկուցողի ներկայացմամբ՝ դեկտեմբերի 1-ից բավականին խիստ վերահսկողություն է սահմանվել օդանավակայանում:
Բաբկեն Թունյանը հետաքրքրվել է, թե ինչն է պատճառը, որ մինչ այսօր որևէ մեկը հետաքրքրված չի եղել լիցենզիա ստանալու հարցում, ինչին ի պատասխան Արմեն Սիմոնյանն ասել է, որ հետաքրքրված տարբեր կազմակերպություններ եղել են, բայց լիցենզավորման կոնկրետ հայտ չի եղել, աշխատանքները տարբեր ընկերությունների հետ շարունակվում են:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել օնլայն տիրույթում գործող տաքսի ծառայությունների հետ կապված խորհրդարանում կազմակերպել քննարկում:
Պատգամավոր Դավիթ Առուշանյանի նկատառումն էլ վերաբերում էր նրան, որ տեսչական մարմիններն ուշադրության կենտրոնում պահեն նաև Գյումրու օդանավակայանը, քանի որ տպավորություն է, որ օրենքի կիրառումը վերաբերում է միայն «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում գործող անհատ տաքսի ծառայություններին: Նա նաև հավելել է, որ Գյումրու օդանավակայանի տարածքում գործող տաքսի ծառայությունների աշխատանքի արդյունքում ավելի բարդ և անբարենպաստ պայմաններ են առաջանում զբոսաշրջիկների համար: Արմեն Սիմոնյանի դիտարկմամբ` օրենքը վերաբերում է բոլոր օդանավակայաններում գործող տաքսի ծառայությունների գործունեությանը:
Առաջին ընթերցմամբ քննարկված նախագիծը ստացել է դրական եզրակացություն: