Ճանապարհաշինություն, տրանսպորտ, կանգառներ, բազմաբնակարան շենքերի տանիքներ, խմելու ջուր, աղբահանություն․ 2023-ի համար Դիլիջան համայնքից կառավարությանը ներկայացված 12 սուբվենցիոն ծրագրերի հայտերում տեղ գտած առաջնահերթ խնդիրներն են: Դրանք ներառում են և՛ քաղաքը, և՛ խոշորացված համայնքի բոլոր 6 գյուղերը: Իր ծավալով առաջատարը ճանապարհաշինությունն է, որը նախատեսված է իրականացնել Դիլիջանում և չորս գյուղում: Առաջին անգամ կտուֆապատվեն գյուղամիջյան ճանապարհները:
Դավիթ Սարգսյան (Դիլիջանի համայնքապետ) - Դիլիջան քաղաքում նախատեսվում է մոտ 4300 մ ճանապարհի հիմնանորոգում՝ մայթերով, սալիկապատումներով: Չորս գյուղական բնակավայրերում մոտ 4600 մ ճանապարհ կտուֆապատվի՝ Հաղարծին, Խաչարձան, Հովք և Գոշ գյուղերում: Երկարաժամկետ լուծում ենք տալիս հարցին:
Մյուս երկու գյուղում՝ Թեղուտում և Աղավնավանքում, կկառուցվի ընդհանուր առմամբ 18 կմ խմելու ջրագիծ, կնորացվի ներքին ցանցը, որը խորհրդային ժամանակներից ի վեր չի նորոգվել: Կարևորվել է նաև քաղաքի և բնակավայրերի միջև տրանսպորտային կապի բարելավումը:
Դավիթ Սարգսյան - Դիլիջան քաղաքում և գյուղական բնակավայրերում կկառուցվեն 24 կանգառներ՝ Դիլիջանի կոլորիտին համապատասխան, ձեռք կբերենք նոր 2 ավտոբուսներ, որը քաղաքի տրանսպորտային ծանրաբեռնվածությունը կթեթևացնի: Ներկա պահին էլ ունենք տրանսպորտային կապը գյուղական բնակավայրերից դեպի քաղաք, բայց էլ ավելի կթեթևացնենք՝ նոր ավտոբուսներ ձեռք բերելով:
Քաղաքը կունենա նաև նոր աղբատար մեքենա և նոր աղբամաններ: Ներկայացված սուբենցիոն ծրագրերի ընդհանուր արժեքը մոտ 2 մլրդ դրամ է, որից մոտ 980 մլն-ը՝ համայնքի ներդրումը:
Վարդան Գրիգորյան (Դիլիջանի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ) - Հիմնականում հեռու գյուղական բնակավայրերում համայնքի ներդրումը ավելի քիչ է, պետության մասնաբաժինը՝ ավելի շատ, կոնկրետ ջրագծերի վերանորոգման աշխատանքները՝ 35:65 տոկոսային հարաբերակցությամբ: Նմանատիպ խոշոր ծրագրեր փոքր գյուղական բնակավայրերում մինչև խոշորացումը հնարավոր չէր իրականացնել:
Ըստ համայնքապետի՝ ծրագրերի մի մասին արդեն տրվել է դրական եզրակացություն, մյուսներն ընթացքի մեջ են, ավարտվելուն պես կհայտարարվեն մրցույթները: