Կալաշնիկով ինքնաձիգը քրեական գործի ապացույց է, նախնական վարկածով՝ դրանով ինքնասպանություն է կատարվել: Մարտական զենքը փորձագիտական կենտրոն է բերվել քննիչների որոշմամբ, դեպքի հանգամանքները բացահայտելու համար պետք է պարզել՝ արդյոք կարո՞ղ էր տղամարդը ինքն իրեն հրազենից այդպես վիրավորել: Ձգաբանական ու պայթյունատեխնիկական փորձաքննությունների բաժնի պետը, որի ինքնությունը անվտանգությունից ելնելով չենք բացահայտում, բացատրում է՝ մուտք են արել բոլոր տվյալներն ու ստացել պատկերը՝ եռաչափ մոդելավորմամբ:
Կենտրոնն այս սարքը նոր է ստացել, առաջին գործն են մոդելավորում, երկու վարկածն էլ ստուգել են՝ թե՛ ինքնասպանության, թե՛ սպանության: Ստացած պատկերները կկցեն փորձագետի եզրակացությանն ու կհանձնեն նախաքննությանը: Նորամուծությունը, մասնագետի կարծիքով, եզրակացությունն ավելի հիմնավոր է դարձնում գործի բոլոր կողմերի համար: Հարևան սենյակում էլ մի կողմ են դրել 70-ականների սարքերն ու հիմա աշխատոմ են նոր սերնդի տեխնոլոգիաներով: Դեպքի վայրից հայտնաբերված գնդակները համեմատում են փորձնական նմուշի հետ, պարզում՝ արդյոք կրակոցը նո՞ւյն զենքից է եղել:
Փորձագետը նկատում է՝ նոր սարքը թույլ է տալիս ավելի որակով պատկեր ստանալ: Նույնականացումն արագ է կատարվում, փորձաքննության ժամկետները կրկնակի կրճատվել են:
Մյուս սարքն էլ հրազենային վնասվածքների հետազոտման համար է, փորձագիտական կենտրոնում շեշտում են՝ սա պարկուճների, նաև տուժողի հագուստի փորձաքննության համար է: Վերջին հետազոտությունը սպանության գործ էր, իսկ տարեկան փորձաքննությունների քանակը հասնում է 300-400-ի: