ԳՐՈՒՇԿՈՆ ԹԵՀՐԱՆՈՒՄ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԻՐԱՆՑԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն Թեհրանում հանդիպել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ։ Գրուշկոն նշել է տարածաշրջանային և միջազգային մակարդակներում գործակցության զարգացման կարևորությունը: Աբդոլլահիանը նույնպես ընդգծել է տարածաշրջանային գործակցության անհրաժեշտությունը և հայտարարել, որ իրանական կողմը պատրաստ է Թեհրանում «3+3» ձևաչափով անցկացնել Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարների հանդիպումը։
Ռուսաստանի փոխարտգործնախարարը հանդիպել է նաև իրանցի գործընկեր Ալի Բաղերիի հետ։ Իրանական կողմի տվյալով՝ պաշտոնյաները քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ զարգացումները Հարավային Կովկասում, Ուկրաինայում, Կենտրոնական Ասիայում, Աֆղանստանում և Սիրիայում։ Բաղերին ընդգծել է՝ տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման համար Իրանի և Ռուսաստանի գործակցությունը նշանակալի դեր է խաղում:
ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԵՎ ՍԻՐԻԱՅՈՒՄ ԵՐԿՈՒ ՆՈՐ ԵՐԿՐԱՇԱՐԺ Է ԳՐԱՆՑՎԵԼ
Թուրքիայի և Սիրիայի սահմանին երեկ րոպեների տարբերությամբ երկու նոր երկրաշարժ է գրանցվել` համապատասխանաբար 6.4 և 5.8 մագնիտուդ հզորությամբ: Նախնական տվյալով՝ վեց զոհ և շուրջ 300 վիրավոր կա, նրանցից 18-ի վիճակը ծանր է: Երկրաշարժերի հետևանքով կան փլուզումներ։ Բացի այդ, Թուրքիայի Հաթայ նահանգում, որտեղ ևս մի քանի հետցնցում է գրանցվել, բնակիչները զգուշացվել են, որ երկրաշարժի պատճառով ծովի մակարդակը կարող է կես մետր բարձրանալ: Նրանց կոչ են արել հեռու մնալ առափնյա շրջաններից: Նմանատիպ զգուշացում են ստացել նաև Անթալիայի բնակիչները։
Երեկ տեղի ունեցած երկրաշարժերը զգացվել են նաև Լիբանանում, Իսրայելում, Կիպրոսում և Սիրիայում։ Սիրիայում նախնական տվյալ զոհբել է 4 մարդ, վիրավորների թիվը գերազանցել է 470-ը։ Շատերը տուժել են, երբ խուճապահար փորձել են փրկվել՝ դուրս նետվելով շինություններից:
ԶԼՄ-ների տվյալով՝ այսօր էլ Իրանի հարավում է 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ տեղի ունեցել։ Զոհերի և վնասների մասին տեղեկություններ դեռ չկան:
Ինչ վերաբերում է փետրվարի 6-ի ավերիչ երկրաշարժերին՝ Ռեջեփ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիայում փլատակներից ավելի քան 114 հազար մարդ է փրկվել, 1,6 մլն քաղաքացի ժամանակավոր կացարան է ստացել, զոհերի թիվը հատել է 41.000-ը: Թուրքիայում և Սիրիայում փետրվարի 6-ից հետո զոհերի ընդհանուր թիվը գերազանցում է 47.000-ը:
ՇՎԵԴԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՈՂՋՈՒՆԵԼ Է ԱՆԿԱՐԱՅԻ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄՈՒԹՅՈՒՆԸ
Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը ողջունել է Անկարայի պատրաստակամությունը՝ վերսկսելու բանակցությունները ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հայտերը վավերացնելու վերաբերյալ։
«Թուրքիան երբեք ամբողջությամբ չի հրաժարվել շփումներից: Բայց զգալի տուրբուլենտություն կար»,- նշել է նա, հավելել՝ երեք երկրների միջև նոր հանդիպման հետ կապված մանրամասներ դեռ չկան:
Ավելի վաղ՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ բանակցություններից հետո Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր՝ Անկարան պատրաստ է կրկին խոսել, և որքան շուտ Շվեդիան արձագանքի Թուրքիայի պահանջներին, այնքան ավելի շուտ Դաշինքի անդամ կդառնա:
ԵՄ-Ն ԵՐԿԱՐԱՁԳԵԼ Է ՌԴ ԴԵՄ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԸ
ԵՄ-ն հաստատել է հակառուսական պատժամիջոցները մինչև 2024 թվականի փետրվարի 24-ը երկարաձգելու որոշումը։ ԵՄ արտաքին քաղաքական ծառայության տվյալով՝ Միության սահմանած պատժամիջոցների ցանկում ներկայումս ընդգրկված է 1386 ֆիզիկական անձ և 171 ընկերություն։
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելն էլ հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների տասներորդ փաթեթն ուժի մեջ կմտնի մինչև փետրվարի 24-ը՝ չնայած որոշ կետերի շուրջ անհամաձայնություններին: Նա հավատացրել է՝ բոլոր խոչընդոտները կհարթվեն:
Ավելի վաղ՝ Politico-ն գրել էր, որ Հունգարիան և Ֆրանսիան հակառուսական պատժամիջոցների քննարկման ընթացքում դեմ են արտահայտվել միջուկային ոլորտում Ռուսաստանի հետ գործակցության արգելքին։ Բելգիան էլ դեմ է ադամանդի արտահանման արգելքին: