ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԵՎ ՍԻՐԻԱՅՈՒՄ ԵՐԿՈՒ ՆՈՐ ԵՐԿՐԱՇԱՐԺ Է ԳՐԱՆՑՎԵԼ
Թուրքիայի և Սիրիայի սահմանին րոպեների տարբերությամբ գրանցված երկու նոր երկրաշարժի հետևանքով, նախնական տվյալով, Թուրքիայում 6 զոհ և շուրջ 300 վիրավոր կա: Ստորգետնյա ցնցումների հետևանքով կան փլուզումներ։ Հաթայ նահանգում բնակիչները զգուշացվել են, որ երկրաշարժի պատճառով ծովի մակարդակը կարող է կես մետր բարձրանալ: Նրանց կոչ են արել հեռու մնալ առափնյա շրջաններից: Նմանատիպ զգուշացում են ստացել նաև Անթալիայի բնակիչները։
Սիրիայում նախնական տվյալով զոհվել է 4 մարդ, վիրավորների թիվը գերազանցել է 470-ը։ Շատերը տուժել են, երբ խուճապահար փորձել են փրկվել՝ դուրս նետվելով շինություններից:
Ինչ վերաբերում է փետրվարի 6-ի ավերիչ երկրաշարժերին՝ Թուրքիայում փլատակներից ավելի քան 114 հազար մարդ է փրկվել, 1,6 մլն քաղաքացի ժամանակավոր կացարան է ստացել, զոհերի թիվը հատել է 42.000-ը:
ԱՄՆ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀԵՏ
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Թուրքիա այցից հետո մեկնել է Աթենք, հանդիպել Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ: Կողմերը քննարկել են ԱՄՆ-Հունաստան հարաբերությունները, Ուկրաինան, Թուրքիայի ու Սիրիայի երկրաշարժերի հետևանքները: Միցոտակիսը հիշեցրել է՝ Հունաստանն առաջին երկրներից էր, որն օգնություն է ուղարկել Թուրքիա:
«Հունաստանը և Թուրքիան կարող են քաղաքական տարաձայնություններ ունենալ, բայց մեր ժողովուրդների միջև խոր կապ կա»,- ասել է վարչապետը:
Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասի հետ հանդիպմանն էլ Բլինքենը համոզմունք է հայտնել, որ Հունաստանը և Թուրքիան պետք է լուծեն երկկողմ տարաձայնությունները դիվանագիտության միջոցով ու խուսափեն տարածաշրջանում ցանկացած միակողմանի գործողությունից։
Բլինքենը խոսել է նաև ռուսական էներգակիրներից անկախանալու կարևորության մասին: Նա նշել է, որ Բուլղարիան նախկինում 90%-ով կախված էր ռուսական գազից, սակայն վերջերս կառուցված Հունաստան-Բուլղարիա գազատարի շնորհիվ այդ խնդիրը լուծվում է: Պետքարտուղարը տեղեկացրել է՝ հաջորդ տարի Բուլղարիան իր գազի գրեթե 100%-ը կստանա Ադրբեջանից և ԱՄՆ-ից։
ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀԸ ՎԱՐՇԱՎԱՅՈՒՄ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԼԵՀ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋ ՀԵՏ
Ուկրաինա այցից հետո ԱՄՆ նախագահը Վարշավայում հանդիպել է լեհ գործընկերոջ հետ: Ջո Բայդենի և Անջեյ Դուդայի հանդիպման օրակարգում են ռուս-ուկրաինական հակամարտությունը, Կիևին Արևմուտքի հավաքական աջակցությունը և այդ գործընթացում Լեհաստանի ջանքերը:
Բայդենը նշել է, որ ԱՄՆ-ը զգում է Լեհաստանի և ՆԱՏՕ-ի կարիքն այնքան, որքան ՆԱՏՕ-ն զգում է ԱՄՆ-ի կարիքը: Նա շեշտել է՝ հարկավոր է ապահովել Եվրոպայի անվտանգությունը: Սպիտակ տան ղեկավարը վստահեցրել է՝ Կիևին աջակցությունը շարունակական է լինելու, շեշտել՝ համատեղ ջանքերով կհաղթահարեն բոլոր մարտահրավերները:
ԲՈՐԵԼԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԱՐԱԳԱՑՆԵԼ ԶԵՆՔԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԸ ԿԻԵՎԻՆ
Ուկրաինան, ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն պայմանավորվել են կոորդինացնել գործողությունները՝ Արևմուտքում ուկրաինացի զինվորականների ուսուցման, ինչպես նաև Կիևին զենքի մատակարարման համար։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի և ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավարի հետ հանդիպման արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում։
Բորելն էլ կոչ է արել Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին արագացնել Կիևին զինամթերքի մատակարարումը, հետո արդեն մտածել միջազգային անվտանգության նոր համակարգի ձևավորման մասին, քանի որ, նրա խոսքով, Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման մասին պայմանագրին Ռուսաստանի մասնակցությունը կասեցնելու Պուտինի որոշումը «ևս մեկ ապացույց է, որ Մոսկվայի գործողությունները ոչնչացնում են Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստեղծված անվտանգության համակարգը»:
ՎԵՐՋԻՆ ՄԵԿ ՏԱՐՈՒՄ ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ԶՈՀՎԵԼ Է 8006 ԽԱՂԱՂ ԲՆԱԿԻՉ. ՄԱԿ
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակից տեղեկացրել են, որ 2022 թվականի փետրվարի 24-ից 2023 թվականի փետրվարի 15-ն ընկած ժամանակահատվածում Ուկրաինայում զոհվել է 8006 խաղաղ բնակիչ, վիրավորվել՝ 13287-ը։ Գործակալության զեկույցի համաձայն՝ զոհերի իրական թիվն ավելի մեծ է:
Քաղաքացիական անձանց շրջանում տուժածների մասին տեղեկություններ առավել շատ ստացվել են 2022 թվականի մարտին: Դոնեցկում ՄԱԿ-ը նույնականացրել է սպանության 3810, Լուգանսկում՝ 485, Խարկովում՝ 924 դեպք։
ՊԵՏԱԿԱՆ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՄԱՀԱՊԱՏԻԺ ԲԵԼԱՌՈՒՍՈՒՄ. ՕՐԻՆԱԳԻԾ
Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատն ընդունել է օրենքի նախագիծ, որի համաձայն` պաշտոնատար կամ զինծառայողի կարգավիճակ ունեցող անձինք կարող են մահապատժի ենթարկվել պետական դավաճանություն կատարելու համար, հայտնել են խորհրդարանի ստորին պալատի մամուլի ծառայությունից։ Հանրապետության խորհրդի կողմից հաստատվելուց հետո փաստաթուղթը պետք է ստորագրի երկրի նախագահը։
Նշվում է, որ օրենսդրական փոփոխությունների նպատակը երկրում «ապակառուցողական տարրերը զսպելն է»: