Փետրվարի 17-19-ը, Գիրք նվիրելու և Թումանյանի ծննդյան օրվա շրջանակներում, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում անցկացված Մանկապատանեկան գրքի երևանյան 19-րդ ցուցահանդես-տոնավաճառն ավելի քան 3000 մասնակից է ունեցել: Մասնակցել են հայաստանյան մի շարք հրատարակչություններ և ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության Մշակույթի կենտրոնը։
Եռօրյա միջոցառումների շրջանակում անցկացվել է շուրջ 30 միջոցառում, որոնք մեկնարկել են «ՋիԷսԷմ» և «Էդիթ Պրինտ» հրատարակչությունների տրամադրած գրքային փաթեթները ծննդատնից դուրս գրվող նորածիններին նվիրաբերելու ակցիայով: Արտագրադարանային միջոցառումների շրջանակում գրադարանի 2022 թ. լավագույն ընթերցողները հյուրընկալվել են Ազգային ժողովում, գրքեր ստացել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից:
Արդեն գրադարանում 14 լավագույն ընթերցողներն արժանացել են նաև գրադարանի պատրաստած պատվոգրերին:
Համագործակցային միջոցառումների շրջանակներում գրադարանում Մատենադարանի աշխատակիցները հայերեն ձեռագրերի վերաբերյալ վարպետաց դաս են անցկացրել, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի աշխատակիցների միջոցով երեխաները ծանոթացել են ժողովրդական երգի ժանրի տեսակներին:
Գրադարանում երեք օրերի ընթացքում տեղի են ունեցել գրքերի շնորհանդեսներ ու քննարկումներ, հանդիպումներ մանկագիրների ու հոգեբանի հետ, երաժշտական ֆլեշմոբ ու ամենաընթերցված գրքերի ցուցահանդես:
Երեխաները մասնակցել են վիկտորինաների ու ավազանկարչության դասընթացի, դիտել են մուլտֆիլմեր ու թատերական ներկայացումներ:
Կազմակերպվել են Հովհ. Թումանյանի պատմվածքների ու հեքիաթների բարձրաձայն ընթերցումներ ու նրա ստեղծագործությունների հիման վրա գրված երգերի ունկնդրումներ: