Փետրվարի 19-ին ուշ երեկոյան Վերին Լարսը փակվեց բեռնատարների, իսկ փետրվարի 20-ին՝ նաև մարդատարների համար: Ինչպես կանխատեսել էին օդերևութաբանները, Խաչի լեռնանցքում ձյան առատ տեղումներ են և քամու ուժգնացում: Ձնաբուքը շարունակվում է, որի պատճառով մաքրման աշխատանքը չի սկսվել՝ տեղեկացնում է Ռուսաստանում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
Վահան Հակոբյան (ՌԴ-ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ) - Ձնահյուսքի վտանգ կա, վերանալուն պես կսկսեն մաքրել:
Ըստ օդերևութաբանների մինչև հինգշաբթի տեղումները շարունակվելու են, սպասվում են ուժեղ քամիներ: Հակոբյանի խոսքով՝ եթե եղանակն այլ անակնկալներ չմատուցի, հինգշաբթի հնարավոր կլինի բացել ճանապարհը: Այս պահին հազարից ավելի բեռնատար կա սահմանի 2 կողմում:
Վահան Հակոբյան - Ռուսական կողմում մոտ 1200 բեռնատար ունենք և Վրաստանում կուտակված 100-200 բեռնատար ունենք, որ դուրս են եկել ու չեն հատել սահմանը: Սահմանային կետում երկու երկրների ԱԻՆ-ները կազմակերպել են քաղաքացիների համար պայմաններ, որ կարողանան տաքանալ, թեյ հյուրասիրվեն:
Անհրաժեշտության կամ խնդիրների դեպքում վարորդները երբեմն կապ են հաստատում իր հետ՝ նշում է Հակոբյանը:
Այստեղ նշված է՝ ճանապարհի փակման ու բացման ժամերը, օրինակ՝ բեռնատարների համար, փետրվարին միայն ամսի 1-ին փակվել 3-ին բացվել է ճանապարհը, 5-ին փակվել՝ փետրվարի 10-ին միայն բացվել է այն, ամսի 12-ից մինչև 19-ը այն կարելի է ասել բացվել հետո էլի փակվել է ժամերի ընթացքում:
Պատմականորեն տվյալները որ նայենք, ամեն տարի նույն իրավիճակն է, այս տարածաշրջանի համար սա կրում է սովորական բնույթ:
Քանի դեռ այլընտրանքային ճանապարհը պատրաստ չէ՝ ավելացնում է մաքսային կցորդը:
Դեպի Լարս տանող 9 կիլոմետրանոց նոր թունելի շինարարությունը Վրաստանը ըստ ժամանակացույցի պետք է ավարտի 2024-ին: Հակոբյանի խոսքով՝ հիմա էլ է աշխատանքը շարունակվում: Ըստ վրացական կողմի՝ 9 կմ-ից 5-ն արդեն պատրաստ է: Թունելի կառուցումից հետո Խաչի լեռնանցքում այլևս խցանումներ չեն լինի: Մինչև այս Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը որպես այլընտրանք նաև լաստանավային ճանապարհն էր դիտարկում, որի գործարկման ժամկետը պարբերաբար փոխվում է: Նախորդ տարվա ամռանը Էկոնոմիկայի նախարարը նշել էր, որ լաստանավի գործարկումը օրերի հարց է, սակայն մինչև օրս այն իրականություն չի դարձել:
Թե ինչ փուլում է հիմա լաստանավի հարցը, փորձեցինք պարզել Էկոնոմիկայի նախարարությունից, սակայն մինչև աշխատանքային օրվա ավարտը մեկնաբանություն ստանալ չհաջողվեց:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան