Երթևեկության կազմակերպումն առավել անվտանգ ու կանոնակարգված դարձնելու նպատակով էլեկտրոնային համակարգերի ներդրման հետ կապված հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի և չինական «Հայսենս» (Hisense) ընկերության ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում:
Քաղաքապետն ընդգծել է, որ քաղաքային իշխանությունը հետաքրքրված է և ուսումնասիրում է նոր տեխնոլոգիական լուծումներն ու քայլեր ձեռնարկում խելացի համակարգերի ներդրման ուղղությամբ:
Մերձավոր արևելքում «Հայսենս»-ի վաճառքի տնօրեն Էթան Մային և լուծումների գլխավոր պատասխանատու Ֆրենկի Յանգը, ներկայացնելով ընկերության աշխատանքը, նշել են, որ ավելի քան 25 տարվա փորձի շնորհիվ Չինաստանի խոշոր քաղաքների մեծ մասի, այդ թվում Պեկինի երթևեկությունը կազմակերպվում է հենց ընկերության խելացի համակարգերով: Հյուրերը ներկայացրել են նաև Երևանում կատարված որոշակի ուսումնասիրությունները:
Լուսացույցերի թողունակության ռացիոնալ կառավարումը թույլ կտա ավելացնել միջին արագությունը՝ միաժամանակ բարձրացնելով երթևեկության անվտանգությունը: Մասնագետները նաև համոզմունք են հայտնել, որ նոր համակարգի ներդրումը էապես կնպաստի քաղաքի էկոլոգիական խնդրի լուծմանը: