Քաղաքացիական օրենսգրքում, «Առևտրի և ծառայությունների մասին» ու «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքներում առաջարկվող փոփոխություններով և լրացումներով վերանայվում են էլեկտրոնային եղանակով կնքվող պայմանագրերին և էլեկտրոնային առևտրին վերաբերող կարգավորումները: Նախատեսվող կարգավորումներով քաղաքացին առավել պաշտպանված կլինի պայմանագրային հարաբերություններում. պայմանագրի կողմին, սպառողին առավել տեսանելի կլինի, թե ինչ հարաբերությունների մեջ է մտնում պայմանագիր կնքելիս: ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի խոսքով՝ սա նաև զսպող մեխանիզմ կլինի ոչ բարեխիղճ տնտեսվարողներից քաղաքացիներին պաշտպանելու համար:
Նշվել է, որ գործող կարգավորումները հնացած են, սահմանափակ են մեկնաբանվում և կիրառության առումով հստակ չեն: Օրինակ՝ հստակ կարգավորված չեն ինտերնետային կայքերով, տարատեսակ էլեկտրոնային հավելվածների ու հարթակների միջոցով կնքվող պայմանագրերի դեպքերը: Ներկայումս լիարժեք կարգավորված չեն նաև այն հարցերը, երբ պայմանագիր կնքելիս կարևոր նշանակության պայմանները ներկայացվում են առանձին փաստաթղթով կամ առանձին հղումով:
Դրանք դրված են լինում ոչ տեսանելի որևէ հարթակում, ինչի հետևանքով պայմանագրի մի կողմը չի տեսնում այդ թաքնված պայմաններն ու տեղեկացված չի լինում դրանց մասին: Այս փաթեթով լուծվում են ինչպես վերոնշյալ, այնպես էլ էլեկտրոնային պայմանագրերի կնքման ոլորտի մի շարք այլ խնդիրներ:
Նախարարը նշել է, որ ԱԺ համապատասխան ստորաբաժանման ներկայացրած խմբագրական առաջարկներն ընդունվել են հեղինակի կողմից, և նախաձեռնությունը լրամշակվել է:
Առաջարկվող կարգավորումներն առաջին ընթերցմամբ քննարկվել են ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ փետրվարի 21-ի նիստում:
Հարակից զեկույցում հանձնաժողովի նախագահի տեղակալ Արուսյակ Ջուլհակյանը նշել է, որ առաջարկը վերաբերում է պայմանագրի ընդհանուր պայմանների կիրառելիության արդյունավետությանը: Եթե նախկին կարգավորումներով պայմանագրի անբաժանելի մաս կազմող օրինակելի պայմաններին հղում կատարելը բավարար էր այդ պայմանների պարտադիրության և կիրառման համար, ապա առաջարկվող դրույթներով դրանք կլինեն պայմանագրի անբաժանելի մաս և կիրառման ենթակա, եթե պայմանագիրը կնքելիս ապահովվում է կնքող անձի կողմից դրա ընդհանուր պայմաններին մատչելի եղանակով և ամբողջությամբ ծանոթանալու ու դրանց կապակցությամբ համաձայնություն տալու հնարավորությունը: Էլեկտրոնային եղանակով կնքվող պայմանագրերի դեպքում այդ համաձայնությունը պետք է արտահայտվի դրան ուղղված հստակ գործողություն իրականացնելով:
Ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանը տեխնոլոգիական զարգացման ներկա ժամանակաշրջանում սպառողների իրավունքների պաշտպանության և արդար առևտրի կանոնների համատեքստում կարևորել է ավելի ճկուն օրենսդրության սահմանումը, սակայն, նրա գնահատմամբ, այս փոփոխությունների արդյունքում չեն կարգավորվելու հատկապես հանրային ծառայությունների ու վարկավորման ոլորտներում սպառողների իրավունքների խախտման դեպքերը:
Անդրադարձ է եղել առաջինից երկրորդ ընթերցում օրենսդրական կարգավորումներն աշխատանքային կարգով մանրամասն քննարկելու և լավարկելու անհրաժեշտությանը:
Օրենսդրական փաթեթի վերաբերյալ հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն: