ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ քննարկել է ««Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Այս մասին հայտնում են Աժ պաշտոնական կայքից:
Նախաձեռնության ընդունման արդյունքում ակնկալվում է ամբողջությամբ կանոնակարգել բնագավառի իրավական դաշտը, նպաստել պատմության և մշակույթի հուշարձանների բնագավառում իրականացվող մշակութային գործունեության նկատմամբ պատասխանատվության բարձրացմանը` էապես նպաստելով համակարգում առկա հիմնախնդիրների լուծման արդյունավետությանը, ինչպես նաև պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության ոլորտում միասնական պետական քաղաքականության մշակմանը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը հայտնել է, որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո առաջարկ էր ներկայացրել հանձնաժողովի անդամ Լիլիթ Գալստյանը, որն ընդունվել է:
Փոխնախարարը նաև հայտնել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում ԿԳՄՍ նախարարությունը հանդիպում է կազմակերպել ԱԺ պատգամավորների և ոլորտի մասնագետների հետ, քննարկվել են հետաքրքրություն ներկայացնող հարցերը: Փոխնախարարը նաև հայտնել է, որ հուշարձանների պահպանության ոլորտի հետ կապված մշակվում է փոփոխությունների նոր փաթեթ` ուղղված օրենքի բարեփոխմանը: «Մշակվող նախագիծը խորհրդարանին կներկայացվի հավանաբար մինչև տարեվերջ»,- ասել է փոխնախարարը:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն առաջարկել է հետաձգել փաթեթի քննարկումը և այն կրկին լրամշակել, ինչը հեղինակը չի ընդունել:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծին:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հեղինակած ««Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը հեղինակի առաջարկով մինչև երկու ամսով հետաձգվել է: