Երևանի պետական համալսարանում դասախոսների աշխատավարձը կարող է 20-40 տոկոսով բարձրանալ, եթե նրանք կամավոր ատեստավորում անցնեն: Այս տարբերակով աշխատավարձի բարձրացումն առաջին անգամ է կիրառվում Հայաստանի բուհական համակարգում:
Միքայել Հովհաննիսյան (ԵՊՀ զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր) - Եթե որոշում է, որ մասնակցում է, ապա նախ անցնում է ինքնագնահատման փուլ, այսինքն՝ հատուկ մեթոդով մշակված ինքնագնահատման հարցաթերթիկով բացահայտում է իր առավելություններն ու թուլությունները և դրա հիման վրա արդեն մեր շարունակական կրթության կենտրոնի և այլ փորձագետների հետ համատեղ դուրս է բերում իր անհատական զարգացման հետագիծը:
Ըստ այդ հարցաթերթիկի էլ դասախոսը հնարավորություն կունենա հասկանալ, թե ինչին ուշադրություն դարձնի, ինչ փուլերով անցնի, որ զարգացնի մասնագիտական կարողությունները: Բացի դրանից՝ Մայր բուհում հույս ունեն, որ նրանք իրենց նոր մեթոդներն ու գիտելիքը կներդնեն նաև կրթական ծրագրերում: Բուհում ատեստավորման գործընթացից բացի կարևորում են նաև վերապատրաստման ծրագիրը. այն երեք տարվա համար է նախատեսված, նման հնարավորություն կընձեռվի շուրջ 600 դասախոսի:
Միքայել Հովհաննիսյան - Մի այլ կարևոր բաղադրիչ. դասախոսը, որն անցնում է այլ տեղերում վերապատրաստում, մասնակցում սեմինարների, որն ընդգրկված չէ համալսարանի վերապատրաստման ծրագրի մեջ, կարող է բերել իր այդ սերտիֆիկատները կամ իր վերապատրաստման ապացույցները:
Եթե հանձնաժողովը բավարար համարի ներկայացված ապացույցները, դրանք ևս կարող են դիտարկվել: Արդյունքում՝ լրացուցիչ միավորները կգումարվեն և կօգտագործվեն ատեստավորման ժամանակ. ըստ այդմ, որքան բարձր լինեն միավորները, այնքան բարձր կլինի հավելավճարը: «Այս ծրագրերը պետհամալսարանի կրթական բարեփոխումներից են»,- ասում է բուհի ուսումնական գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը, հավելում՝ կրթական ծրագրերում էլ են փոփոխություններ նախատեսված:
Էլինա Ասրիյան (ԵՊՀ ուսումնական գծով պրոռեկտոր) - Մենք նպատակ ունենք կոմպետենտակենտրոն դարձնել մեր կրթական ծրագրերը և հիմնվել վերջնարդյունքների վրա, իսկ վերջնարդյունքների վրա հիմնվելը ենթադրում է դասավանդման կոնկրետ մեթոդաբանություն և գնահատման կոնկրետ մեթոդաբանություն, և սա է պատճառը, որ տվյալ ռեֆորմը հնարավոր չէ իրականացնել առանց դասախոսների վերապատրաստման գործընթացի:
Ատեստավորման գործընթացն ունի նաև սոցիալական բաղադրիչ. սա լրացուցիչ հնարավորություն է՝ խրախուսելու դասախոսների աշխատանքը: Ծրագրերում կան նաև որոշ բացառություններ. այն նախատեսված է մինչև երեք տարվա փորձ ունեցող դասախոսների համար:
Էլինա Ասրիյան - Վերապատրաստումը կարևոր և պարտադիր է լինելու սկսնակների համար, քանի որ մենք կարծում ենք, որ սկսնակներին անհրաժեշտ է աջակցել, խոսքը սկսնակ դասախոսների մասին է, և յուրաքանչյուր շատ տաղանդավոր մարդ, որն ունի շարք հետազոտություններ և այլն, այնուամենայնիվ, կարիք ունի դասավանդման մեթոդիկայի, գնահատման մեթոդաբանության:
Երևանի պետական համալսարանն առաջնորդվում է բոլոնյան կրթական համակարգով: Ոլորտի պատասխանատուներն ընդգծում են՝ ծրագրերը ներկայացնելիս ուսումնասիրել են միջազգային ու տարածաշրջանային փորձը: