Վանաձորի համար 11 մանկապարտեզն է: Տարիներ առաջ ՀՏԶՀ-ն հիմնանորոգել էր մանկապարտեզի մասնաշենքերից մեկը, հիմա ավարտական փուլում է երկրորդ մասնաշենքի հիմնանորոգումը:
Գայանե Կիրակոսյան (Վանաձորի համար 11 մանկապարտեզի տնօրեն) - Մանկապարտեզի շենքը կառուցվել է 80-ական թվականներին: Երկրաշարժից հետո այն ամրացվել է, սակայն ունենք բազմաթիվ խնդիրներ՝ կապված կոմունալ հարմարությունների հետ, ջեռուցման, հետ, պատուհանների հետ:
Հին խնդիրներն այսօր անցյալում են, նոր պատուհաններ-դռներ, ջեռուցման համակարգ, գունավոր ու տրամադրող մթնոլորտ: Համար 11 մանակապարտեզ է հաճախում 120 երեխա, իրենց հերթին են սպասում մյուսները:
Գայանե Կիրակոսյան - Երեխաների համար կարևոր է փոփոխությունը, որովհետև նախ լուծվեց ջեռուցման խնդիրը, նախկինում մանկապարտեզը փայտե վառարաններով էր, տաք ու սառը ջրի խնդիր ունեինք, գունեղ կահավորումը, պատերը, ամեն ինչ տրամադրում է, որ երեխան գա պարտեզ:
Հիմնադրամը երկրորդ մասնաշենքի շինաշխատանքներում թերություններ է արձանագրել ու հանձնարարել՝ շտկել մինչև շահագործման հանձնելը: Սա հիմնադրամի կողմից կառուցվող և այս տարի շահագործման սպասող միակ մանկապարտեզը չէ:
Ռուբեն Թերզյան (ՀՏԶՀ ծրագրերի իրականացման բաժնի պետի պարտականությունները կատարող, ծրագրերի փորձաքննության խմբի ղեկավար) - Մանկապարտեզները մեր հիմնական առաջնահերթություններից են և շատ հաճախ ենք համայնքներից ստանում հների վերականգնման, կամ նորերի կառուցման առաջարկներ: անցած տարիներին մի շարք մանկապարտեզներ են կառուցվել ու վերակառուցվել: Այս պահին 2 մանկապարտեզ ունենք շինարարության փուլում: Շիրակի մարզի Գյումրի քաղաքի մանկապարտեզը և Հոռոմի մանկապարտեզը:
Երկուսն էլ նորակառույց է՝ նախատեսված 3 խմբի՝ 75 երեխայի համար: Շինարարությունն ակտիվ ընթացքի մեջ է, ավարտը նախատեսվում է այս տարվա հունիս-հուլիսին:
Ռուբեն Թերզյան - Եվս 5 մանկապարտեզ, որոնք գտնվում են նախագծման տարբեր փուլերում. Արմավիրի Ակնաշենի, Ծաղկունքի մանկապարտեզները, Նոր կյանքի մանկապարտեզը՝ բոլորը նորակառույց:
Նախատեսվում է վերակառուցել նաև Արագածոտնի մարզի Ուշի և Իջևանի Խաշթառակ գյուղերի մանկապարտեզները:
Ռուբեն Թերզյան - Խաշթառակի և Ուշի մանկապարտեզների նախագծերը պրակտիկորեն ավարտված են, շուտով կհայտարարվի մրցույթը, մյուս մանկապարտեզները նախագծման փուլում են և շուտով մոտ 2 ամսից մրցույթ կլինի:
Նորակառույց մանկապարտեզները ոչ միայն երեխաների համար սիրելի վայր կլինեն, այլև սեյսմակայուն ու ապահով: Կառավարության որոշմամբ՝ հիմնադրամը շենքերը շահագործման հանձնելուց առաջ ամբողջությամբ կկահավորի:
Այժմ ՀՏԶՀ-ն զբաղված է ևս 8 մանկապարտեզի գույքի ձեռքբերմամբ:
Կառավարության ծրագրով՝ մինչև 2026 թ. Հայաստանում պետք է կառուցվի 500 մանկապարտեզ: