Այս տարի ընտանեկան բռնության հետևանքով սպանության դեպք չի արձանագրվել, բայց բռնության դեպքերի ահազանգեր հասարակական կազմակերպությունները շատ են ստացել:
Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը հիշեցնում է վերջերս արձանագրված աղմկահարույց դեպքը, երբ ամուսինը խոշտանգել էր երիտասարդ կնոջը, դաժանաբար ծեծել, կտրել մազերը:
Զարուհի Հովհաննիսյան (իրավապաշտպան) - Զանգահարել է թեժ գիծ ու ոստիկանության միջոցով տեղափոխվել ապաստարան: Երեխայի հետ բնակվում է ապաստարանում՝ ապահով տանն է երեխայի հետ, և ընթացքը հետևյալն է՝ պետք է կատարվեն քննչական գործողություններ, առերեսում: Աջակցման կենտրոնը միջնորդել է, որ այդ գործողությունները կատարվեն ապահով տարածքում, այլ ոչ թե մարզում, այնտեղ, որտեղ դեպքն է եղել:
Նախորդ տարի քննչական կոմիտեի վարույթում քննվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 960 քրեական վարույթ, որոնցից 122-ն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ և 126 անձի վերաբերյալ ուղարկվել է դատարան, 301 քրեական վարույթ կարճվել է, որից 150-ը` ռեաբիլիտացնող, իսկ 151-ը` ոչ ռեաբիլիտացնող հիմքով։ 383 քրեական վարույթ փոխանցվել է այս տարվա հունվար:
Զարուհի Հովհաննիսյան - Գիտենք, որ տարվա երկորոդ կեսին ուժի մեջ է մտել նոր Քրեական օրենսգիրքը, այսինքն՝ մենք չունենք դեռ միասնական մոտեցում այդ տվյալներին, և, ոչ ռեաբիլիտացնող հիմքով կարճված քր. գործերը, օրինակ, մյուս տարի չեն լինի, քանի որ Քրեական օրենսգիրքը տանելու է գործերը մինչև վերջ, անկախ նրանից՝ մարդը դիմումը հետ վերցրե՞ց. թե՞ ոչ: Այսինքն՝ հանրային մեղադրանք է գնում, որովհետև պետությունը ճանաչում է, որ ընտանեկան բռնությունը հանրային խնդիր է, հանրային վարք է, որը վնասում է ամբողջ հանրությանը:
Քննչական կոմիտեի տվյալները փաստում են, որ դատարան ուղարկված 122 վարույթից 9-ը եղել է սպանության, 1-ը՝ մարդուն առևանգելու, 1-ը՝ սեքսուալ բնույթի գործողությունների, 2-ը՝ 16 տարին չլրացած անձի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու, 1-ը՝ ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելու դեպքերի առթիվ:
Դատարան ուղարկված վարույթներով 125 մեղադրյալից 108-ը ամուսիններ են եղել, 4-ը՝ տատ կամ պապ, 5-ը՝ քույր կամ եղբայր, 8-ը՝ զավակ կամ թոռ:
Զարուհի Հովհաննիսյան - Մենք հավաքել են 16 կնասպանության դեպք. այդտեղ, իհարկե, չեն արտացոլվում զուգընկերային հարաբերությունները, որովհետև ընտանեկան բռնության օրենքում զուգընկերայինները չեն դիտարկվում ընտանեկան հարաբերություններ:
Իրավապաշտպանը նշում է, որ դեռ սեռային մոտեցման հետ կապված խնդիրներ կան. հստակեցված չէ, թե որ ամուսինն է բռնության զոհը, իսկ որը՝ բռնարարը:
Զարուհի Հովհաննսիյանը մյուս կարևորագույն խնդիրը համարում է այն, որ ընտանեկան բռնությունը դեռ սահմանված չէ Քրեական օրենսգրքում որպես առանձին հանցագործություն, այն ընդամենը ծանրացնող հանգամանք է: Դրանց շարքում են, օրինակ, արյունակցական կապ ունեցողների միջև տարբեր վեճերի հետևանքով գրանցված քրեական հանցագործությունները, և սա այն դեպքում, երբ գենդերային գործոնը բացակայում է, իսկ ընտանեկան բռնությունը, ըստ իրավապաշտպանի, պետք է սահմանվի որպես ուժի և իշխանության անհավասար բաշխում:
Զարուհի Հովհաննիսյան - Ունենք լուրջ խնդիր գրագետ կանխարգելման հետ կապված, որպեսզի քրեական հանցագործության չվերածվի, ունենք հասարակության իրազեկման բարձրացման խնդիր, ունենք աջակցության տրամադրման գրագետ խնդիր:
Իրավապաշտպանը հորդորում է չհանդուրժել բռնությունը, վախի մթնոլորտում բռնության զոհ չդառնալ ու անհրաժեշտության դեպքում դիմել համապատասխան մարմիններին: